«Քիչ առաջ ինձ այստեղ ասացին, որ անձնագրեր են հավաքում, անձնագրերի տվյալներ: Իշխանության բարձր ներկայացուցիչների հետ զրուցել եմ եւ նրանք համարյա երդվել են, որ այդպիսի բաներ չեն անի, բայց պարզվում է, որ անձնագրերի տվյալների հավաքումը համատարած է դարձել ամբողջ հանրապետությունով մեկ: Այդ ստոր մարդիկ պատրաստ են նույնիսկ իրենց երեխաների անձնագրերը հավաքել, նրանք հայրենիք չունեն, սրբապիղծ են: Հանդիպումներից մեկի ժամանակ մարդիկ ասացին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 70 տոկոս ձայն ունի, եթե այդ ձայները տանք, ո՞նց եք պահելու: Էն թիմը, որ կա Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, կլինի առաջին շարքում, եթե ժողովրդի ձայները կեղծեն: Չի գնա իր անվտանգության համար թաքնվի, ոնց որ եղել են որոշ դեպքերում»,- կապանցիների հետ կայացած նախընտրական հանդիպման ժամանակ երեկ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Րաֆֆի Հովհաննիսյանը դատապարտեց ներկայումս իշխող մարմինների կողմից ժողովրդի դեմ կիրառվող ճնշումները, ընդգծելով, որ այն հակասում է նախագահի տված խոստմանը:
«Ես իմ հիմնական մրցակից, գործող նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում եմ, եթե ինքն իր խոսքը, գեղեցիկ ելույթներն ուզում է իրականություն դարձնի, ուրեմն թող հանի ճնշումը: Ձեր ենթականերին կարգի հրավիրեք, որովեհետեւ ձեր խոսքը, որ տվել եք մեր ժողովրդին, խախտում են ձեր ենթակաները», – նշեց Րաֆֆի Հովհհանիսյանը եւ Կապանի բնակիչներին կոչ արեց փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության եւ իր քվեով որոշի վաղվա ապագան: «Այլեւս, երբեք թող ոչ ոք մեզ բացակա չդնի», – Համո Սահյանի տողերը մեջբերելով` եզրափակեց իր ելույթը նախագահի թեկնածուն եւ կապանցիներին բարի ընտրություն մաղթեց:
Կապանի մշակույթի հրապարակում հավաքված քաղաքացիները չշտապեցին հեռանալ հրապարակից, առանձին-առանձին մոտենում էին, իրենց խնդրանքներով դիմում նախագահի թեկնածուին, դիմումներ հանձնում, խնդիրներով, մտահոգություններով կիսվում եւ հաջողություններ մաղթում առաջիկա ընտրություններում: «Մեր հույսը դու ես, Րաֆֆի», – հրապարակից հեռացող Րաֆֆի Հովհաննիսյանի հետեւից բարձրաձայն հայտարարում էին հանդիպման եկածները:
Կապանում նախընտրական հանդիպումն ավարտելուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանն ուղեւորվեց Քաջարան եւ Մեղրի:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ