Այսօր ժամը 17:00-ի սահմաններում Կապանում 14-ամյա մի աղջիկ ինքնասպանության փորձ է արել` իրեն ցած նետելով մոտ 5-6 մետր բարձրություն ունեցող Բաղաբերդ թաղամասի կամրջից:
Կապանի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Սարիկ Աթաջանյանի փոխանցմամբ` 17:30-ի սահմաններում աղջիկը հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կրծքային հատվածի փակ վնասվածքներով, տրավմատիկ շոկով: Ներկա պահին աղջկա վիճակը գնահատվում է ծանր կայուն, ներքին օրգանների վնասում չի եղել: Աղջիկը շոկային վիճակում էր, դեղերի ազդեցության տակ, ուստի պատասխանատու մարմիններին դեռեւս չի հաջողվել նրանից պարզել ինքնասպանության փորձի պատճառը, ծնողներն էլ տեղյակ չէին:
Ինքնասպանության փորձ կատարած աղջիկը Բարաբաթում թաղամասում է բնակվում, որը բավականին հեռու է Բաղաբերդ թաղամասի կամրջից: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն` աղջիկը ինքնասպանության փորձ արել է սիրո հողի վրա: 14-ամյա աղջկա այդ քայլը կապանցիների շրջանում խիստ գնահատականի է արժանացել:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ