ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երեկվանից Սյունիքի մարզում է եւ Սիսիանից մեկնարկել է նախընտրական հանդիպումները Սյունիքի բնակչության հետ: Այսօր թեկնածուն գորիսյան հանդիպումից հետո Կապանի մշակույթի հրապարակում հանդիպել է արդեն հավաքված եւ թեկնածուի գալուն սպասող բազմամարդ ընտրազանգվածին: Հանդիպման եկած մեծ ու փոքր կապանցիները, գործազուրկներն ու թոշակառուները, եւ հատկապես պետական կառույցների աշխատակիցներն այս անգամ նախընտրական հանդիպման եկել էին իրենց կամքով` առանց պարտադրման եւ մոտ մեկ ժամ սպասել են նշված ժամից ուշ ներկայացած նախագահի թեկնածուին:
Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքվածներին հատ-հատ ձեռքով բարեւելուց եւ ցանկացողների հետ նկարվելուց հետո անցավ իր ելույթին, որի սկզբում մեկ տողով անդրադառնալով գորիսեցիների հետ ունեցած հանդիպմանը, ընդգծեց, որ Գորիսի բնակչության շրջանում վախի զգացողություն էր նկատվում: Կապանցիների հետ հանդիպման ժամանակ նախագահի թեկնածուն ներկայացրեց որոշ դրույթներ իր ծրագրից եւ խոսեց այն փոխոխությունների մասին` աշխատավարձերի, կենսաթոշակների բարձրացման, աշխատատեղերի ստեղծման, բյուջեի ճիշտ տնօրինման եւ այլն, որոնք ընտրվելու դեպքում կիրականացնի գրեթե բոլոր ոլորտներում: Իսկ նախագահի պաշտոնում իր ընտրվելու հնարավորությունը տեսնում է ժողովրդի ակտիվ մասնակցության եւ Հայաստանում արդար, ազատ ընտրությունների անցկացման պարագայում միայն, ուստի կոչ արեց կապանցիներին գնալ ընտրության եւ կատարել ճիշտ ընտրություն:
«Ոչ մեկը թող չմտածի, որ սահմանադրությունը, օրենքը, Ղափանը, Սյունիքը եւ Հայաստանի Հանրապետությունը որեւէ մեկի սեփականությունն է: Հայ ժողովուրդը պարտավոր է 21 տարվա ընթացքում մի անգամ ոչ թե թշնամու դեմ, ոչ թե հակառակորդի դիմաց, այլ` մեր երեխաների ապագայի համար մի անգամ հաղթել սեփական քաղաքում: Ողորմության ու փշրանքների փոխարեն կապանցին, հայ ժողովրուդը պետք է ստանա իր հասանելիք աշխատավարձը, աշխատանքը…», – ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը, ով նաեւ քննադատեց Պարույր Հայրիկյանի հետ կատարված իրողությունը: «Տղամարդ են, թո’ղ ինձ խփեն, ոչ թե մեկ ուրիշ հարգված պետական գործչին` Պարույր Հայրիկյանին: Առողջություն բոլորին, բայց այլեւս հերիք է, որ հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացուն ծաղրեն, խաղ տան, հետո մեծ-մեծ կենացներ ասեն` ազգային ազատագրական, պապերի հայրենիք, Նժդեհ, Խուստուփ…, այդ ամեն ինչն արժեք է, բայց ոչ կենացով, այդ արժեքը ժողովրդի արժանապատվությամբ, աշխատանքով իրավունքով եւ ապագայով է»,- շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ