«Ընկերուհիս զանգեց ու ասաց, որ ընտանիքով մեկնելու են Մոսկվա, այլևս չեն վերադառնալու: Մի պահ քարացա, հուզվեցի»,- պատմում է 21-ամյա Գոռը: Շարունակում է. «Սկսեցի հանգստացնել նրան՝բա կգնաս էնտեղից կխոսենք, մինչև կարգին գործի լինեմ, կգամ, քեզ կբերեմ»: Գոռը խոստովանում է՝ ողջ օրը տանջվել է այդ մտքից, սակայն օրվա վերջում ընկերուհին խոստովանել է, որ չար կատակ է արել. «Փորձում էր ինձ՝ տեսներ, իր համար կտանջվեմ»,-ասում է նա:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչից են տանջվում տղամարդիկ: Շատ աղջիկների պնդմամբ՝ տղամարդկանց կարելի է տանջել խոսքով: Սակայն խոսքին հետևող արարքն էլ ավելի ուժեղ տպավորություն է թողնում: 24-ամյա Արսենը ասում է՝ ինքը տանջվում է, երբ իր սերը անպատասխան է լինում. «Ինչքան սիրում եմ, ասում են՝ գիտես դու լավ տղա ես, բայց մենք չենք կարող իրար հետ լինել: Այ դրանից եմ տանջվում»,-ասում է նա: Ոմանք էլ տանջվում են իրենց ընկերուհիների ձեռքին. «Էս աղջիկներից բան չեմ հասկանում: Անկապ նյարդայնացնում են, էնքան մինչև սիրտդ սկսում ա ցավալ, հետո էլ շոպլիկանում են»,-ասում է 17-ամյա Կարապետը: Ինչպես ասում է Ֆրանսուազ Սագան. «Խելամիտ տղամարդը միշտ հասկանում է կնոջը: Սիրահարված տղամարդը տանջվում է` փորձելով հասկանալ կնոջը»:
Աղջիկների վերաբերմունքից զատ շատ տղամարդիկ տանջվում են իրենց ծնողներից ֆինանսական կախման մեջ լինելուց: «Երբ ավարտում ես ու գործ ման գալիս, հարմար բան չի լինում, իսկ ծխախոտի համար փող ես ուզում հորիցդ, ընկերուհուդ էլ չես կարում առնել էն, ինչ ուզում ես, էտ ա տանջանքը»,-ասում է 23-ամյա Սուրենը:
Ինչպես նշում են մի շարք տղաներ (14-17տարեկան) ՝ նրանք «տանջվում են» ծնողների հսկողոթյունից և անհանգստությունից. «Սաղ օրը ստիպում են դաս անեմ, որ ընդունվեմ: Ասում են՝ հերիքա կոմպ խաղաս, դուրս չգնաս: Նենց տպավորություն ա, որ իրանք ինձնից շատ են ուզում, որ ուսում ստանամ, չեն ջոգում, որ ես էլ եմ նեղվում, ինչքան կարելի ա»,-ասում է 16-ամյա Նարեկը: «Տանջվում եմ նրանից, որ ինձ սենց հարցեր եք տալիս»,-մեր հարցին կատակով պատասխանում է 26-ամյա Վլադիմիրը: Հավելում է . «Աշխատում եմ ոչնչից չտանջվել, ամեն ինչ ներս չեմ գցում, փորձում եմ թեթև նայել կյանքին»:
Տանջանքների մասին տեղեկացավ Նազենի Բաղդասարյանը