Աշխարհի լրատվամիջոցներն տեղեկացրել են, որ ժամանակակից գեղասահքի մեծություններից մեկը՝ ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն, Զագրեբում անցկացված Եվրոպայի առաջնության կարճ ծրագրում եռակի ակսելն անհաջող կատարելիս վնասել է ողնաշարը, որի պատճառով լքել է մրցաշարը: Տեղեկատվություն կար նաեւ, որ նրան օրերս վիրահատել են Իսրայելի առաջատար կլինիկաներից մեկում:
Սակայն իսրայելական «Jewish» կայքը, հղում անելով գեղեասահքի աշխարհի անանուն աղբյուրին, կասկածի տակ է առնում այս ամբողջ պատմությունը՝ գրելով, որ այս ամենը, հնարավոր է, ընդամենը գեղասահորդի անհաջողությունն արդարացնելու հնարք է: Վերոնշյալ կայքը հրապարակել է նաեւ սեփական տեղեկատվությունը, ըստ որի Իսրայելի ոչ մի առաջատար կլինիկայում՝ «Իխիլով», «Ռամբամ», «Հադասսա», «Շիբա», Պլյուշչենկո ազգանունով հիվանդ գրանցված չէ: Բայց Պլյուշչենկոյի կինը՝ Յանա Ռուդկովսկայան, «Twitter»-ի իր էջում տեղադրել է ամուսնու լուսանկարը վիրահատությունից հետո՝ համապատասխան մակագրությամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ