Ադրբեջանցի գրողի գիրքը, որտեղ հայերը համակրելի են նկարագրված, Ադրբեջանում մեծ աղմուկի պատճառ է դարձել: Ադրբեջանի պատգամավորները դատապարտել են գիրքը, իսկ ցուցարարները՝ վառել հեղինակի նկարները իր տան առջև: Գրում է «Նյու Յորք Թայմս» թերթը:
«Քարե երազանքներ» վեպի հեղինակն է նախկին պատգամավոր Էքրեմ Էյլիսլին, որն այն հրատարակել է դեկտեմբերին, սակայն աղմուկը բարձրացել է անցած շաբաթ, երբ լրատվամիջոցներով սկսել են քննարկել գիրքը:
Ադրբեջանի խորհրդարանի ուրբաթ օրվա նիստի ժամանակ պատգամավորները հարձակվել են գրքի վրա ու պահանջել, որ Էյլիսլիին զրկեն քաղաքացիությունից ու ուղարկեն Հայաստան:
«Նա վիրավորել է ոչ միայն ադրբեջանցիներին, այլ ամբողջ թուրք ազգին», – ասել է պատգամավոր Մելհեթ Իբրահիմքիզին՝ հղում անելով գրքի այն հատվածներին, որտեղ նկարագրված են Թուրքիայի կողմից հայերի կոտորածները:
Կարդացեք նաև
Գիրքը երկու ադրբեջանցիների մասին է, որոնք փորձում են պաշտպանել իրենց հարևան հայերին էթնիկական բռնություններից:
«Հայերն ինձ համար թշնամիներ չեն», – ասել է 75-ամյա Էյլիսլին, – «Ինչպե՞ս կարող են թշնամի լինել: Ես 21-րդ դարում ապրող գրող եմ: Լեռնային Ղարաբաղի կարգավորումը հետաձգվում է, ու երկու ազգերի թշնամությունն ավելի է խորանում: Ես ցանկանում եմ նպաստել հարցի խաղաղ լուծմանը»:
Նա ասել է, որ ցնցված է նման վայրենի արձագանքներից. «Ես ոչ մի վիրավորական բան չեմ ասել, ես չեմ դավաճանել իմ երկրին: Ես պարզապես նկարագրել եմ, թե ինչպես է ադրբեջանցին օգնում հային: Ի՞նչ վատ բան եմ արել»:
28-ամյա գրող Քամ Թուրալին ասել է, որ նա հիանալի գրող է, վեպը լավն է, սակայն սխալ ժամանակին է հրատարակված:
Մեկ այլ գրող՝ Օքթայ Հաջիմուսալին ասել է, որ անհեթեթություն է նպաստել հայերի հետ խաղաղությանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ