Մեզ, փաստորեն, միայն վտանգներն ու ողբերգություններն են միավորում: Այն, ինչ երեկ ամբողջ օրը կատարվում էր մեր երկրում, համախմբման, միակարծության, համերաշխության եզակի դրսեւորում էր: Բոլորը միանշանակ դատապարտում էին Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածը: Բոլորը հայտարարում էին, որ դա մեր երկրի ու ժողովրդի դեմ է: Անգամ եղան մարդիկ, ովքեր ասացին, որ հենց իրենց վրա է կրակել հանցագործը:
Բոլորը կարեկցում էին պարոն Հայրիկյանին, սատարում նրան, զորավիգ լինում, պատրաստակամություն հայտնում օգնելու նրան, աղոթում նրա առողջության ու ապաքինման համար, փորձում լսել նրա խոսքը, հույս հայտնում, որ հանցագործությունն արագ կբացահայտվի: Վերջին հանգամանքին, անկեղծ ասած, կասկածում եմ. որքան էլ որ վստահ եմ՝ իրավապահներն ամեն ինչ անելու են դրա համար, եւ քաղաքական պատվեր եւս կա: Մեզանում քաղաքական հանցագործությունների չբացահայտման հզոր ավանդույթ կա, եւ չեմ կարծում, թե այս դեպքում դա խախտվի: Բայցեւ ուզում եմ նկատել, որ բոլորը փորձելու են կատարվածից «շահած» դուրս գալ: Եվ իրավապահները, եւ նախագահի թեկնածուները, եւ իշխանությունը:
Համենայնդեպս, այդպես էր երեւում երեկվա կադրերից ու խոսքերից. խիստ մտահոգված դեմքով հիվանդանոց այցելող պաշտոնյաներ, քաղաքական գործիչների խորիմաստ ակնարկներ ու հուզաթաթավ դատապարտումներ, խզված ձայնով մի կերպ խոսող նախագահ, բժշկական անձնակազմի սրտառուչ հոգատարություն եւ, վերջապես՝ վիրահատությունից անմիջապես հետո Պարույր Հայրիկյանի բավական առույգ հարցազրույցներ: Տա Աստված, վերքերն արագ լավանան, ու էլ երբեք Հայաստանում հրազեն չկրակի: Բայց մենք ոչ միայն քրեական հանցագործություններից ու դրանց չբացահայտումից ենք հոգնել, այլեւ քաղաքական շահարկումներից, սոփեստությունից, երկակի խաղերից:
Վատ չէ,որ,գոնե,ինչ որ բան մեզ միավորում է:Եթե մեզանում դա էլ բացակայեր,այ արդեն ահավոր կլիներ,և մեր Ահավոր սոցիոլոգը այդ ուղղությամբ պետք է մտածեր:Շահարկում,սոփեստություն,երկակի խաղ.մեր իրականությանը բնորոշ,հատկապես սոփեստ-թերուսը,որ շատ-շատերին է վերաբերվում:Շնորհակալություն հեղինակին: