Երիցս ճիշտ էր մեր փորձառու պետական գործիչներից Վազգեն Մանուկյանը, երբ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը երեկ տված հարցազրույցում հռետորական հարց էր հնչեցնումՙ նախորդ գիշեր դարանակալ արձակված կրակոցները Պարույր Հայրիկյան անձի՞, թե՞ նախագահական թեկնածուի դեմ էին: Դրանով նա բացառում էր նաեւ այն վարկածը, իրավացիորեն, որ մահափորձը կարող է անձնական դրդապատճառներ ունենալ: Բնականաբար, անձնական հակառակորդը չպիտի սպասեր ենթակայի նախագահական թեկնածու դառնալուն…
Կմնա մահափորձի վարկածներից մյուս խումբըՙ դավադրություն: Ներքին կամ արտաքին դրդապատճառներով եւ կազմակերպմամբ:
Այո, բնավ չի կարելի բացառել ներքին դավադրության վարկածը, որքան էլ որ ցանկալի չէ այդ ուղղությամբ կասկածելը: Բայց ո՞վ ասաց, որ Հայաստանում ամեն ոք գոհ է նախընտրական հանգիստ, վերահսկելի ու տեսանելի մթնոլորտից: Իսկ եթե մահափորձը հասներ իր նպատակի՞ն: Ուրիշ դավադիր ի՞նչ քայլեր ու գործողություններ էին հաջորդելու դրան, տապալելով նախընտրական եւ ընտրական ողջ գործընթացը, ստեղծելով սահմանադրական վակուում, ավելինՙ քաոս: Համարյա հոկտեմբերի 27-ի իրավիճակի կրկնություն, որն այս անգամ հաղթահարելը թերեւս լիներ անկարելի:
Այսուհանդերձ, չգիտեմ ինչու, ինքս հակված եմ կասկածելու արտաքին դավադրության վրա: Երեւի նրա համար, որ թեկուզ ձախողվածՙ մահափորձն արդեն հասել է իր նպատակինՙ մթագնել նախընտրական մթնոլորտը, անվանարկել Հայաստանը, վարկաբեկել նրա հեղինակությունը, միջազգային վարկը: Համոզել միջազգային հանրությանը, նաեւ մեզ, որ Հայաստանը ի վիճակի չէ, չի՛ կարող ժողովրդավարական սկզբունքներով, հանգիստ եւ առողջ պայմաններում ընտրություններ անցկացնել – սա՛ է այն պիտակավորումը, որին ձգտում էր օտար դավադիր կողմը եւ որը արդեն արձանագրվեց միջազգային մամուլում եւ զեկույցներում:
Կարդացեք նաև
Հետեւությունը այս բոլորիցՙ պարփակել հասցված վնասը, իմաստուն կերպով կարգավորել տագնապը, երեւան հանել դավադիրներին, կարճ ընդմիջումից հետո ավելի հանգիստ ու պատասխանատու անցկացնել ընտրությունները, ցույց տալ բոլորին համաժողովրդային մեր կամքըՙ դեպի ժողովրդավարություն, դեպի առաջադիմություն, դեպի արտաքին ու ներքին ապահովություն տանելու մեր երկիրը, պետականությունը: