«Բոլոր նրանց, ովքեր որ հետաքրքրված են իմ առողջությամբ, խնդրում եմ չանհանգստանալ. թեպետ անկողնային վիճակում եմ, սակայն այնպիսի զգացում ունեմ, որ շուտով ոտքի վրա կլինեմ»,- նշեց ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորման» առաջնորդ Պարույր Հայրիկյանը «Հ1» հեռուստատեսության «Առաջին լրատվական»-ի եթերում:
Նա կրկին հիշեցրեց, որ իր դեմ մահափորձն այս փուլում հարված էր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: «Սա բոլոր մարդկանց դեմ է՝ տաքսու վարորդների, խանութների վաճառողների… բոլորի,- նշեց նա,- այս փուլում, երբ հայտարարվում է, թե Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, ուզում են հայտարարել, որ Հայաստանում թեկնածուին քվեարկությունից առաջ են սպանում»:
Հայրիկյանը միանգամայն վստահ է, որ իրեն ուղղված գնդակն իրականում ուղղված էր ՀՀ քաղաքացիների հույսերին: «Սա իմ դեմ ուղղված չէր, թեպետ մասնավորապես իմ անձի դեմ էր: Այս փուլում, երբ մեր ժողովուրդի մի մեծ հատված ամենայն լրջությամբ հույսեր է կապում առաջիկայում տեղի ունենալիք քաղաքական միջոցառումների հետ, միաժամանակ հարված է ստանում: Սա մեր շարքային քաղաքացիների ու իշխանավորների դեմ է ուղղված, քանի որ հիմա խոսելու են, թե իշխանությունը ինչեր չի արել կամ էլ՝ Հայրիկյանը ուժեղ մասնակից էր, այդպես արեցին»:
Հայրիկյանը չի պատրաստվում օգտվել նոր ընտրություններ կազմակերպելու սահմանադրական իրավունքից, հարկադրաբար համաձայն է միայն 15-օրյա հետաձգմանը: «Իմ երկիրը, որքան էլ սխալներ ունենա, ես չեմ լինի նրան հարված հասցնող. ինչ վերաբերում է նոր ընտրություններ կազմակերպելու սահմանադրական հնարավորությանը, այդ մարդիկ՝ թիկունքից հարվածողները, պիտի իմանան, որ իրենց ցանկությանն ընդառաջ չեմ գնա: Ես մեկ շաբաթից ոտքի վրա կլինեմ՝ և թույլ թե առողջ կշարունակեմ իմ պայքարը»,- ասաց նա:
Կարդացեք նաև