Նախագահի թեկնածուն վստահեցնում է, որ «հաճախորդը նյարդայնացած է»
Նախագահի թեկնածու Արամ Հարությունյանն այսօր կոչ է արել, որ նախագահի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը եւ թողնեն Պարույր Հայրիկյանին՝ ստեղծված իրավիճակից հետո: Այսօր Ազատության հրապարակում, երբ լրագրողները փոխանցեցին սա, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը կատեգորիկ հայտարարեց. «Ես նման խաղերի մեջ չեմ մտնի երբե՛ք: Հետո ի՞նչ՝ հայտարարություն են անում: Ճիշտ հակառակը, բոլորը պետք է պահեն ու պահանջեն, որ սա բացահայտվի: Ուրիշ առիթ չի լինի: Կընտրվեն, կվերջացնեն, դրանից հետո ոչ ոքի մինչեւ 2018 թիվը բանի տեղ չեն դնի: Արկածախնդիր պետք է լինել՝ նման հայտարարություն տարածելու համար»:
Թե ինչի՞ կհանգեցնի այս ամեն ինչը, ըստ պարոն Բագրատյանի, պետք է գտնել, թե ով է արել. «Եթե չեն գտնում ու չեն էլ հետաձգում ընտրությունները, ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում: Ի՞նչ է ստացվում: Ասում էին՝ հանգիստ ընտրվում ենք: Ես էլ մտածում եմ՝ մի փոքր սրանք վտանգ են զգում, սրանք կխփեն էլ, կջնջեն էլ, կոչնչացնեն էլ, հետո՞: Չեմ ասում հենց իշխանությունն արեց: Այնպիսի մթնոլորտ կստեղծվի, որտեղ դա անընդհատ կարվի: Ի՞նչ է եղել: Դրա համար պետք չի մեզ լոլոներ կարդալ: Պետք է բռնել նրան, ով կրակել է եւ ասել՝ ով է դա»:
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հաշվի առնելով Հրանտ Բագրատյանի վերաբերմունքը գործող վարչապետի նկատմամբ, ինչո՞վ է պայմանավորված, որ նրանք երկուսով նույն պահին են մտել Պարույր Հայրիկյանի մոտ: Հրանտ Բագրատյանը պատասխանեց. «Ես էսօր մտել եմ ներս, Հայրիկյանին բարեւել եմ, մի րոպե է անցել՝ նա է մտել: Հարցը պետք է տալ նրան, ով որ երկրորդն է մտել»:
Պարոն Բագատյանի գնահատմամբ՝ միջադեպը արդեն վատ է անդրադարձել ընտրությունների վրա.«Երկրում ահաբեկության մթնոլորտ է: Մենակ սա չի: Այս ահաբեկումը մենք ամեն օր ենք տեսնում: Տեսնում ենք սոցիոլոգական հարցումների մեջ: Իբր իրանք առաջին տեղը գրավել են, հիմա էլ որոշում են երկրորդ, երրորդ տեղի հարցը: Եվ հետո՝ էդ ի՞նչ պահվածք էր գերեզմանատանը: Իրենք են, չէ՞, սիրում ասել՝ նյարդայնանում է հաճախորդը»:
Մենք հետաքրքրվեցինք, թե պարոն Բագրատյանը շարունակելո՞ւ է իր ծրագրով քարոզարշավը: Նա պատասխանեց. «Երկու շաբաթ նշանակում է բնականաբար լրացուցիչ ծախսեր, բայց ոչինչ, մենք կանենք, յոլա կտանենք»: Նա իր վարկածները մահափորձի հետ կապված չասաց, բայց խոսք տվեց, որ եթե ընտրությունները չհետաձգվեն՝ այդ նույն հրապարակում մի նոր խոսակցություն կունենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Իսկական տղամարդու խոսակցություն: