ՀՀ նախագահական ընտրություններին ընդառաջ` այսօր Գորիսում անցկացվեց բանավեճ, որին նախապես հրավիրված ՀՀ նախագահի բոլոր 8 թեկնածուներից կամ նրանց ներկայացուցիչներից մասնակցելու էին եկել միայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները:
Բանավեճն անցավ ակտիվ քննարկմամբ, որի ընթացքում շոշափվեցին հանրությանը մտահոգող բազմաթիվ հարցեր` Հայաստանի ներկայիս իրավիճակի, բնակչության շրջանում առկա սոցիալական խնդիրների, աղքատության աճի, արտագաղթի տեմպերի ավելացման, հանքարդյունաբերության, արդարադատության եւ այլ ոլորտներում գերիշխող եւ բնակչության շահերից չբխող քաղաքականության, ստվերի կանխարգելման եւ վերացման, աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի բարձրացման, նախագահի վարած արտաքին քաղաքականության եւ մի շարք այլ խնդրահարույց հարցեր:
Բանավեճի ընթացքում թեկնածուների ներկայացուցիչները` Զարուհի Փոստանջյանն ու Արա Միրզոյանը, ներկայացրեցին իրենց կողմի դիրքորոշումները, նախագահի թեկնածուների ծրագրերում տեղ գտած տարբերակները` խնդիրների լուծմանն ու երկրի ընդհանուր վիճակի բարելավմանն ուղղված: Դահլիճում ներկա մասնակիցները նույնպես ակտիվորեն մասնակցեցին դեբատին, բարձրացրեցին իրենց հուզող հիմնահարցերը` մարզերի համաչափ զարգացման, պետական ձեռնարկությունների ստեծման, միկրովարկերի տրամադրման, ստվերի դեմ պայքարի եւ մի շարք այլ կարեւոր խնդիրների վերաբերյալ:
Զարուհի Փոտանջյանը քննադատեց, որ ԶՊՄԿ-ն ընդերքի պաշարն այդքան արագ է սպառում, բացի այդ, Քաջարան քաղաքի բնակչությունը շարունակում է աղքատության մեջ ապրել: «Ես հատ-հատ գնացել եմ Քաջարանի քաղաքացիների տներով եւ տեսել եմ ինչպիսի աղքատության մեջ են ապրում նույնիսկ աշխատավարձ ունեցող այդ մարդիկ, բնակարանները շրջեք եւ տեսեք ինչ աղքատություն է տիրում այդ ոսկու վրա ապրող մարդկանց բնակարաններում», -ասաց նա:
Կարդացեք նաև
Արա Միրզոյանն էլ հակադարձելով տիկին Փոստանջյանի ասածին` նշեց, որ Քաջարանի կոմբինատում աշխատողների միջին աշխատավարձը 220-250 հազար դրամ է կազմում եւ նման գումարով ապրել մայրաքաղաքից 300-350 կմ հեռու գտնվող քաղաքում` բավականին լավ է: «Եթե համեմատենք Գորիսի հետ, աստեղ 100-150 հազար դրամ ստանալով, մարդիկ կարողանում են իրենց մինիմալ կարիքները հոգալ, ինչի՞ մասին է խոսքը, եթե այնտեղ 220-250 հազար դրամ են ստանում: Ապրելով Սյունիքում, լինելով սյունեցի` ես որոշ չափով ճանաչում եմ յուրաքանչյուր քաղաքի բնակչության բնավորության առանձնահատկությունները: Եթե խոսենք Ագարակում եւ Մեղրիում բնակվող մեր քաղաքացիների մասին, հնարավոր է մտնենք նրանց տները եւ մտածեք, որ աղքատության մեջ են ապրում, բայց այդ նույն տանտերը Երեւանում ունի բնակարան, կամ բանկի հաշվեհամարում ունենա բավականին կլորիկ հաշիվ` տղայի հարսաիքի ծախսերն անելու կամ Երեւանում երկրորդ բնակարանը գնելու համար: Հիմարություն կլինի վստահ ասել, որ աղքատ բնակիչներ չկան այդ քաղաքներում, աղքատ բնակիչներ կան նաեւ մեր քաղաքում, դա մենք բոլորս ենք տեսնում: Ես ընդունում եմ, որ կան աղքատ մարդիկ, բայց ոչ կոնկրետ ամբողջ քաղաքը»,-հավելեց ՀՀԿ-ից ներկայացած Արա Միրզոյանը:
Մոտ 2 ժամ տեւած բանավեճը Գորիսում կազմակերպել էր «Իրավունքների տեղեկատվական կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Մեր քվեն արժե ավելին» ծրագրի շրջանակներում, որը նաեւ հեռարձակվում էր ուղիղ եթերով:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ