ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը դատապարտում է Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը
Շիրակցի ՕԵԿ-ականների հետ հանդիպելու, նրանցից մի քանիսին պարգևատրելու ու նաև նախագահ Սերժ Սարգսյանի քարոզը անելու նպատակով Գյումրիում էր ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: «Ուզում եմ դատապարտել կատարվածը, ասել, որ իսկապես դավադիր հարված էր ` ուղղված մեր պետությանը: Առաջին հերթին դա իշխանությունների դեմ էր, քանի որ երկրում սահուն քարոզարշավ է ընթանում, թեկնածուները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց ծրագրերը, մոտեցումները: Հանցագործության բացահայտումը հնարավորություն կտա պարզելու ինչո՞ւ դա արվեց, ո՞ւմ շահերից էր բխում և ո՞վ է ուզում կամ ովքե՞ր են ուզում, որ մեր երկիրը խաղաղ ընթացք չունենա: Հետևողականությունը շատ խիստ է լինելու, իրավապահ մարմինները հետևողական են լինելու մինչև վերջ բացահայտելու այս հանցագործությունը, որովհետև չպատժված հանցագործությունները նոր ոճիրներ են ծնում: Եվ իսկապես անթույլատրելի է նախագահական ընտրությունների այս շրջափուլում, երբ միջազգային լրատվամիջոցներն են անդրադառնում, որ Հայաստանում նման բան է տեղի ունեցել»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր ինքը հանդիպել է Պարույր Հայրիկյանի հետ, զրուցել է, վիրահատությունը հաջող է անցել: ՕԵԿ առաջնորդը հույս հայտնեց, որ Պարույր Հայրիկյանը 3 օրից կշարունակի իր քարոզարշավը, և ընտրությունները հետաձգելու անհրաժեշտություն չի լինի, այն կընթանա բնականոն փուլով: «Բայց մենք պետք է շահագրգռված լինենք, որովհետև սա մեր երկրի հեղինակության և պատվի խնդիրն է: Որ նայում ենք էսօր ռուսական, ամերիկյան գործակալությունները խոսում են, որ Հայաստանում թեկնածուի դեմ մահափորձ է կատարվել, դա մեր երկրին պատիվ չի բերում: Բոլորս տեսնում ենք, որ Հայաստանում էն իրավիճակը չէ, որ ինչ-որ մեկի դեմ մահափորձ արվեր, հասկանում եք ես ինչ եմ ասում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ