Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իմ քաղաքը. Հրազդանն այսօր

Փետրվար 01,2013 18:42

Յուրաքանչյուր քաղաք իր քաղաքացու և բնակչի համար ամենալավն ու գեղեցիկը պետք է լինի: Շատ վատ եմ զգում, երբ իմ քաղաքացիների կողմից լսում եմ (ինչն, ի դեպ հաճախ է պատահում). «Զզվում եմ Հրազդանից, բա Երևանին, Աբովյանին հալալ չի», կամ էլ «Էս ինչ երկիր ա, այ  մարդը պիտի  Ռուսաստանում ապրի» և նմանատիպ այլ արտահայտություններ:

Չարժեզրկելով պետությանս և ոչ մի քաղաք, այնուամենայնիվ, Հրազդանից հեռու չեմ պատկերացնում կյանքը: Իմ քաղաքը շատ խնդիրներ ունի, ունի  նաև ձեռքբերումներ: Որպես լրագրող, հարկ եմ համարում նախ խնդիրների մասին խոսել:

 

Ժամանակին հանրապետությունում 4-րդ խոշոր արդյունաբերական քաղաք Հրազդանում  այսօր բացակայում են աշխատատեղեր և մեծ թիվ է կազմում գործազրկությունը: Արդյունաբերական արտադրանք ապահովող երկու խոշոր գործարանները` «Միկա Ցեմենտը» և «ՀրազՋէկը», այսօր այն նույն թափով չեն աշխատում, ինչ տարներ առաջ, բացի դրանից ստեղծելով բնապահպանական լուրջ խնդիրներ: Եթե այս ամենին էլ գումարենք Հրազդանի երկաթի հանքը, որ շահագործման պարագայում Հրազդանը կզրկվի և՛ մաքուր օդից, և՛ մաքուր ջրից ու բուսականությունից: Էլ չեմ խոսում քաղաքացիների առողջության մասին, ապա ավելորդ է անգամ մտածել, թե երբեմնի գեղեցիկ և հզոր քաղաքն ապագայի ինչ տեսլական կունենա:
Հրազդանում քիչ են նաև ժամանցի վայրերը, իսկ եղածներն էլ չեն հրապուրում իրենց ոչ բարվոք պայմաններով: Եթե համեմատության մեջ դնենք քաղաքիս դրական և բացասական հատկանիշները` կարող ենք արձանագրել.

  • Ունենք հզոր գործարաններ, բայց չունենք գոհ ու  լավ վարձատրվող բանվորներ,
  • ունենք քիչ թե շատ բարեկարգ փողոցներ, ինչը չենք կարող ասել բակերի, խաղահրապարակների մասին,
  • ունենք բարձրակարգ շենքեր ու նաև առանձնատներ, չունենք այդ շենքերի գեղեցիկ մուտքեր և բոլոր բնակարաններում ապրող քաղաքացիներ,
  • ունենք թանգարան, պատկերասրահ ու մշակույթի մի երկու տներ, բայց չունենք այդ վայրերի հանդեպ հետաքրքրություն վայելող քաղաքացիներ,
  • ունենք շատ շքեղ ու հիմնանորոգված բժշկական կենտրոն և նաև ծննդատուն, բայց ում է պետք, երբ դիահերձարանն ուղիղ ծնարանի պատուհանին է նայում,
  • ունենք ջրամատակարարման լրիվ նոր համակարգ, բայց չունենք երաշխիք, որ այդ ջրագծերը մաքուր ջուր են տալիս,
  • ունենք  լավ կամ վատ, անշուք կամ շքեղ  դպրոցներ ու պարտեզներ, ունենք էլի շատ լավ կամ վատ վայրեր, բայց ում է այդ ամենը պետք, երբ դեռ իմ քաղաքում մեծ է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ Երևանն ու Աբովյանն ավելի լավն են, իսկ Ռուսաստանում կյանքը` մի ուրիշ հաճույք:

Հ.Գ. Որքան էլ շատ են խնդիրները, բայց այդ ամենի կողքին կա մի ճշմարտություն ինձ համար. Իմ Հրազդանը` իր խնդիրներով, իր անբարեկարգ փողոցներով ու բակերով, իր աղտոտված օդով ու ջրով, էլի համար մեկ քաղաքն է աշխարհում` ամենագեղեցիկն ու ամենաինքնատիպը, անխնդիրն ու մաքուրը: Քանզի որքան էլ խնդիրները շատ լինեն, սեփականությանը վերաբերում են խնամքով, փայփայում ամեն ծալքն ու փորձում մաքրել աղտից

Ինգա Հայրիյան` (mynews.am)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728