«Եթե երբևէ մենք բաժանվենք, խոստացիր, որ կմնանաք լավ ընկերներ». այս արտահայտությունը լսած կլինեն շատերը. ոմանք կատարում են իրենց խոստումը, ոմանք՝ անտեսում: Վերջիները մեծամասնություն են կազմում: Բացատրում են՝ սիրող սրտերը, որքան էլ սառչեն, միևնույն է զգացմունքները չեն սպանում, նույնիսկ կապվածության դեպքում առկա է խանդը. միմյանց այդքան մոտիկ լինելով՝ միմիայն կտանջվեն: Բացի այդ՝ պայմանավորված տարբեր հանգամանքներով՝ հնարավոր է թշնամանք, նախանձ կամ ագրեսիվ վերաբերմունք նախկին զուգընկերոջ հանդեպ: Շատ աղջիկներ պնդում են, որ հարաբերությունները խզելուց առաջ հարկավոր է կազմակերպել հրաժեշտի հանդիպում: 22-ամյա Արմինեն հենց այդպես էլ վարվել է: «Մենք բաժանվեցինք, որովհետև նրա հետ որոնում էի երջանություն, բայց դարձա դժբախտ: Ամեն դեպքում ուզում էի վերջին անգամ տեսնել, գրկել ու նրա պատկեր դրոշմել հիշողությանս մեջ, ով գիտեր գուցե երբեք էլ չտեսնեի նրան»,-ասում է նա:
Ասում են՝ սիրո մեջ վեճերը թեժացնում են սերը, սակայն երբեմն դառնում են նաև կործանման պատճառ: Սովորաբար բաժանման նախաձեռնողը լինում է զույգերից մեկը, իսկ մյուսը հաշտվում է, հազվադեպ է պատահում, երբ երկուսն էլ համաձայնվում են: Սակայն ինչպես բաժանման լուրը, այնպես էլ դրան հետևող նախաձեռնությունը կարող են մեծ ազդեցություն ունենալ սիրող էակի համար. պետք է հաշվի առնել ամեն մի դետալ: Բայց կան այնպիսիները, ովքեր ոչ մի նշականություն չեն տալիս դրան, ավելին՝ խուսափում են ճշմարտությունը իրենց զուգընկերոջն ասելուց: «Սկզբում շատ քիչ եմ զանգում, հետո երբ հարցնում ա` ինչ ա եղել, ասում եմ` բան չէ: Սպասում եմ այնքան ժամանակ մինչև էդ աղջիկը մի սխալ անի, նենց եմ դասավորում իբր իր սխալի պատճառով ա, որ կռվել ենք»,-պատմում է 16-ամյա Ռուբենը: Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում կապը ամբողջովին կորում է: Իսկ ահա 20-ամյա Նոնան չի պատկերացնում, թե ինչպես կարող է մարդ մոռանալ մեկին, ում հետ կապված է եղել ամբողջ հոգով: «Մենք որոշել ենք, որ եթե անգամ բաժանվենք, չենք դադարի շփվել՝ իհարկե ոչ որպես ընկերներ, բայց կապ հաստատ կլինի: Ես ծանոթանալու եմ նրա ընկերուհու հետ, ներկա եմ լինելու հարսանիքին, նույնն էլ նա կանի»,-ասում է Նոնան: 24-ամյա Ալբերտն էլ ասում է՝ իր նախկին ընկերուհին այսօր ընկերոջ կինն է, նա դրանում ոչ մի վատ բան չի տեսնում. «Մենք պարզապես չհասկացանք իրար, բայց ես ուրախ եմ, որ ինքը գտավ իր երջանկությունը, մենք հիմա շատ մոտ բարեկամներ ենք»,-ասում է նա: Ընթերցողի հետաքրքրությանը բավարարենք այս պատասխոնով՝ Ալբերտը այժմ նշանված է, նա գտել է իր երկրորդ կեսին:
Բաժանումից հետո հաճախ է պատահում, որ զույգերը հանդիպում են և վերգտնում իրենց սերը: Իսկապես, միշտ չէ, որ բաժանումը վերջնական է: Ինչպես ասում են՝ հասկանալու համար, թե որքան է նա քեզ պետք, անհրաժեշտ է գոնե մեկ անգամ կորցնել նրան:
Նազենի Բաղդասարյան