Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐ

Փետրվար 01,2013 17:35

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Գլուխ քսաներկուերորդ

ԲԱՄԲԱՍԱՆՔՆԵՐ

Եվ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով կրկնեց՝ «ես քանի՞ գլուխ ունեմ, օր Հովհաննես Շիրազի տղի արձանին անուն կպցնեմ», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «էդ Շիրազի տղի արձանը չի», եւ Շերենցը զարմացած հարցրեց՝ «բա ո՞ւմ արձանն է», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «Ալեքսանդր Մյասնիկյանի» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «չնայած Արայիկին ավելի նման ա, քան՝ Մյասնիկյանին», եւ Արայիկը ժպտալով Շիրազին ասաց՝ «հիմի հասկացա՞ր՝ էդ բամբասանքներն ով ա տարածում», եւ Ներսիսյանն Արայիկին հարցրեց՝ «ի՞նչ բամբասանքներ», եւ Արայիկը միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «տարածել են թե՝ Արայիկն իրա ձեռով ինքը իրա արձանը քանդակել ու դրել ա Երեւանի կենտրոնում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ասել են՝ Արայիկն իրա ձեռով իրան հավերժացրել ու անմահացրել ա», եւ Ներսիսյանը ժպտալով Արայիկին հարցրեց՝ «ովքե՞ր են ասել», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մեր նկարիչներից ու քանդակագործներից են» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «սաղին էլ ճանաչում եք» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտելով ասաց՝ «անունները չեմ ուզում տամ», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «մեկը  Ռուբոն ասած կէղնի», եւ Ռուբոն զարմացած նայեց Շերենցին ու ասաց՝ «չհասկացա», եւ Շերենցը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «քիչըմ առաջ չասեցի՞ր, օր էդ արձանն Արայիկին ավելի նման է, քան՝ Մյասնիկյանին», եւ Ռուբոն թարս նայեց Շերենցին ու ասաց՝ «հալալ ա քեզ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մառոժնին առա, որ դուշմանություն անե՞ս», եւ Արայիկը Շերենցին ասաց՝ «Ռուբոն էդ բանը հանաքով ա ասում, բայց էդ համբալները լրիվ լուրջ են ասել», եւ Ներսիսյանը ժպտալով Արայիկին հարցրեց՝ «ո՞ւմ են ասել», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Կարեն Սերոբիչին», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էդ արձանի սկզբնական վարիանտն Արայիկին ավելի նման էր» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «էդ համբալները որ Դեմիրճյանին էդ բաներն ասել են, Դեմիրճյանն Արայիկին հրամայել ա, որ արձանի բոյն առնվազն մի մետր ավելացնի», եւ Ներսիսյանը ժպտալով  Արայիկին հարցրեց՝ «ճիշտ է՞ ասում», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «համարյա», եւ Ներսիսյանը ժպտալով Արայիկին հարցրեց՝ «Դեմիրճյանը կենտկոմում է՞ քեզ այդ հրամանը տվել», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե հրամայել ա, այլ խորհուրդ ա տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «վերջում էլ  ասեց՝ հարմարությանդ նայի» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «սկզբում էդ արձանի նախնական՝ գիպսե տարբերակն էինք էդ նույն տեղում դրել», եւ Ներսիսյանը ժպտալով հարցրեց՝ «հետո՞», եւ Արայիկը  մի քիչ մտածեց ու ասաց՝ «Սերոբիչը որ էկավ նայելու, էդ տականքներն արդեն ականջները լցրել էին», եւ Ներսիսյանը ժպտալով հարցրեց՝ «հետո՞», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էլ ի՞նչ հետո. Դեմիրճյանը հենց տեղում Արայիկին զաստավիտ  ա արել, որ Մյասնիկյանի բոյն առնվազն մի մետր ավելացնի» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ու Արայիկն էլ խելոք ավելացրել ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «բայց մի քսան սանտի քյաֆ ա գնացել. մի մետրի տեղակ ընդամենը ութանասուն սանտի ա ավելացրել», եւ Ներսիսյանը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «դո՞ւ որտեղից գիտես», եւ Ռուբոն ինքնագոհ ժպտալով ասաց՝ «Արայիկն իրա ստեղծագործական սաղ գաղտնիքներն ինձ ասում ա», եւ Արայիկը թարս նայեց Ռուբոյին ու ասաց՝ «դու լավ կանես՝ քո եզդու պատմությունը պատմես», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս պատմությունն իմ եզդու պատմությանը ոչ մի բանով չի զիջում», եւ Շերենցը երանությամբ ժպտալով ասաց՝ «եզդիների պատմությունը սավսեմ ուրիշ է», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էս էլ  պակասը չի», եւ Ներսիսյանը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «ասում ես՝ քսան սանտիմետր քյաֆ է՞ գնացել», եւ Ռուբոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես Արայիկի ասածով եմ ասում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «իրականում կարող ա ավելի շատ քյաֆ գնացած ըլնի», եւ Շիրազը թարս նայեց Ռուբոյին, հետո նայեց Արայիկին ու նեղսրտած ասաց՝ «իսկը միամիտ հերդ ես» եւ մի քիչ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «ստեղծագործական գաղտնիքներդ աջուձախ շաղ կուտաս», եւ Շերենցը վերջին գդալ պաղպաղակն ըմբոշխնելով ասաց՝ «էդ նախնական տարբերակն Արայիկին ավելի էր նման, քան՝ էս վերջնականը» եւ մի քիչ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «Արայիկին ավելի էր նման, քան՝ Մյասնիկյանին»,  եւ Ներսիսյանը ժպտալով Շերենցին հարցրեց՝ «դու էլ ե՞ս տեսել», եւ Շերենցը փռթկացնելով հարցրեց՝ «Մյասնիկյանի՞ն», եւ Ներսիսյանը քահ-քահ ծիծաղելով ասաց՝ «այդ նախնական տարբերակը նկատի ունեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «կակռազ  էդ տարի համարյա ամեն օր կերթայի Սունդուկյան՝ Ֆրունզի քովը» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Սունդուկյան չհասած՝ համարյա ամեն Աստծո առավոտ էդ նախնական տարբերակը տեսնեի գը» եւ մի քիչ էլ  մտածեց ու ժպտալով ասաց՝ «խոսքը մեր մեջ, էդ տականքները լավ են ասել», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին հարցրեց՝ «ի՞նչն են լավ ասել», եւ Շերենցը փռթկացնելով ասաց՝ «էդ օր ասել են՝ Արայիկն իրա արձանն է քաղաքի կենտրոնում տեղադրել» եւ մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ավելացրեց՝ «նախնական տարբերակը նկատի ունեմ», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «էդ տականքներն էլ են նախնական տարբերակը նկատի ունեցել», եւ Շիրազը նախ Ռուբոյին թարս նայեց, հետո թարս նայեց Շերենցին ու վրդովված ասաց՝ «էդ տականքները մի հիմարություն են դուս տվել, դուք էլ հաճույքով կրկնեք գը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բայց էդ տականքները մի բան պակաս են ասել», եւ Շերենցը մեղավոր ժպտալով Շիրազին հարցրեց՝ «ի՞նչն են պակաս  ասել», եւ Շիրազը հպարտությամբ ասաց՝ «փաստորեն, Արայիկս էդ արձանով համ ինքը իրեն է հավերժացրել, համ էլ՝ Մյասնիկյանին», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մնում է՝ միհադըմ էլ Հովհաննես Շիրազի արձանը քաղաքի կենտրոնում դնի ու հավերժացնի»,  եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Շիրազն առանց արձանի էլ ա հավերժ», եւ Մարգունին, որ վերստին զարթնել էր, նայեց Շերենցին ու ասաց՝ «պարտիայի հատուկ որոշումը կա, որ կենդանության օրոք մարդկանց արձանները չդնեն» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «բացի հերոսներից» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «բացի կրկնակի հերոսներից», եւ Ռուբոն ժպտալով Մարգունուն հարցրեց՝ «եռակի, քառակի ու հնգակի հերոսների արձանները չի կարելի՞ դնել», եւ Մարգունին պատասխանեց ու ասաց՝ «իհարկե կարելի ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Խրուշչովն էդ որոշումն ընդունեց, որպեսզի անհատի պաշտամունքի դեմն առնի», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Շիրազն էլ է հերոս» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Մասիսն օր էդքան գովե գը, էդիկ  հերոսություն չէ՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «կրկնակի ու տասնակի հերոսություն չէ՞», եւ Մարգունին ասաց՝ «Խրուշչովն էդ որոշումը ստորագրեց, ոպեսզի անհատի պաշտամունքը վերացնի», եւ Ռուբոն ժպտալով Մարգունուն ասաց՝  «բայց Լեոնիդ Իլյիչն անհատի պաշտամունքը վերականգնեց», եւ Մարգունին մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց Խրուշչովի էդ որոշումն ուժի մեջ է», եւ Շիրազն ասաց՝ «էս իշխանություններն իմ արձանը չեն դնի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ոչ կենդանության օրոք, ոչ էլ մեռնելուցս հետո» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ոչ քաղաքի կենտրոնում, ոչ էլ ծայրամասում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «մինչեւ ժողովուրդն իշխանության չգա, Շիրազի արձանը չի դրվի», եւ Շերենցը ժպտալով Շիրազին հարցրեց՝ «բայց ժողովուրդն իշխանության կգա՞», եւ Շիրազը մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «Մարգունուց հարցրու» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքն ամեն ինչ գիտի», եւ Շերենցը նայեց Մարգունուն ու փռթկացնելով ասաց՝ «նորից քնեց», եւ Ռուբոն ծիծաղելով Շերենցին ասաց՝ «որ զարթնի՝ կհարցնես», եւ Ներսիսյանը ժպտալով խոսեց ու ասաց՝ «առաջին անգամ եմ լսում, որ Մյասնիկյանի արձանի նախնական տարբերակն ավելի կարճահասակ է եղել» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «առավոտից իրիկուն այստեղ իրար հետ նստած ենք, բայց այդ մասին առաջին անգամ եմ լսում», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «էդ ո՞նց ա, որ ոչ մի անգամ չես ասել», եւ Ռուբոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «առիթ չի էղել», եւ Շերենցը ժպտալով Արայիկին ասաց՝ «այ բալա, հո Ռուբոն քո դուշմանը չի՞, օր քո սարքած արձանի մասին թարս բաներ խոսի», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին հարցրեց՝ «բա էսօր ո՞նց խոսաց», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով Արայիկին ասաց՝ «օր դու իրա սարքած էդ եզդու արձանին կպար, ինքն էլ քո սարքածին կպավ», եւ Ներսիսյանն ասաց՝ «ես Մյասնիկյանի արձանի նախնական տարբերակը չեմ տեսել, բայց վերջնական տարբերակը շատ եմ հավանում», եւ Ռուբոն փռթկացնելով Ներսիսյանին ասաց՝ «որովհետեւ էս վերջնական տարբերակը Մյասնիկյանին ավելի ա նման, քան՝ Արայիկին», եւ Արայիկը թարս նայեց Ռուբոյին ու ոչինչ չասաց, եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բայց էն նախնական տարբերակը քիչըմ ավելի կարմիր էր», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «ոչ թե կարմիր էր, այլ՝ բորդո» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որովհետեւ էդ նախնականը գիպսից էր ու բորդո էր ներկած», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով  ասաց՝ «էդ նախնականի հաշվով մեր լեննականցի դերասան Ռազմիկը շատ ուժեղ էր ասել», եւ Ռուբոն ժպտալով հարցրեց՝ «ի՞նչ էր ասել», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու փռթկացնելով  ասաց՝ «էդ նախնականի  կապակցությամբ Ռազն ասել էր՝ շատ լավ արձան է, բայց չամանը քիչըմ շատ է քսած»,  եւ Արայիկը թարս նայեց Շերենցին ու ոչինչ չասաց, եւ Շերենցը մեղավոր ժպտալով Արայիկին ասաց՝ «իզուր կնեղենաս, այ բալա. մենք ու մերոնք ենք՝ հանաք կէնենք», եւ Արայիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Շերենցին ասաց՝ «Ռուբոն քո պես պաշտպան ունի, դրա համար էլ ըտենց դուխով ա խոսում», եւ Ռուբոն ժպտալով Շերենցին ասաց՝ «որ մի քիչ էլ պաշտպանես, կես կիլո էլ կառնեմ», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու խորամանկ ժպտալով Ռուբոյին հարցրեց՝ «հիմի էդ  եզդիների պատմությունը պատմելո՞ւ ես, թե՝ չէ», եւ Ռուբոն թարս նայեց Շերենցին, հետո ժպտալով Արայիկին ասաց՝ «կես կիլոն հուպ տվեց ու հիմի արդեն ձեր ջրաղացին ա ջուր լցնում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «հետո էլ ասում ես՝ իմ պաշտպանն ա», եւ Արայիկը ժպտալով Ռուբոյին ասաց՝ «Շերենցը մեջներիցս ամենից շատ քեզ ա սիրում», եւ Ռուբոն ժպտալով  ասաց՝ «ո՞ւմ էդքան մառոժնի առնեմ, որ չսիրի», եւ Շերենցը մեղավոր ժպտալով Արայիկին ասաց՝ «սաղիդ էլ համահավասար սիրեմ գը» եւ մի քիչ մտածեց, նայեց Շիրազին ու ժպտալով ավելացրեց՝ «մանավանդ՝ մեր վարպետ Շիրազին», եւ Ռուբոն ժպտալով ասաց՝ «Վարպետ Շիրազին  ամբողջ հայ ժողովուրդն ա սիրում», եւ Շերենցը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ես էլ մեր հայ ժողովրդի մի մասնիկն եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ոնց ժողովուրդը, ընպես էլ՝ ես»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728