Լրահոս
Օրվա լրահոսը

«Մամուլին «սիրուն» ձևերով են լռեցնում, կամ այն Ս. Սարգսյանի ելույթներում նկարագրվածի չափ ազատ չէ» . Թագուհի Թովմասյան

Փետրվար 01,2013 17:31

«Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը աշխարհի մոտ 90 երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձ է կատարվել նաև հայաստանյան մամուլին: Այս կապակցությամբ զեկույցում մասնավորապես նշված է, որ հայաստանյան ԶԼՄ-ներին պակասում է բազմակարծությունը:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն էլ հրապարակել է հերթական տարեկան զեկույցը՝ «2013թ․ մամուլի ազատության ինդեքսը, ըստ որի՝  Հայաստանը բարելավել է դիրքերը՝ 179 երկրների շարքում 74-րդ տեղում է:

Aravot.am-ը հայաստանյան որոշ թերթերի խմբագիրներից հետաքրքրվեց՝ որո՞նք են բազմակարծության պակասի պատճառները, և արդյոք մամուլի ազատության ապահովման հարցում առաջընթաց տեսնում են:

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ բազմակարծության պակասի հարցում ոչ թե մեղքը մամուլինն է, այլ քաղաքական իրավիճակի և իշխանության ստեղծած համակարգի: Նա մանրամասնեց. «Մամուլն անում է հնարավոր ամեն ինչ, որ իրավիճակը ներկայացնի այնպիսին, ինչպիսին կա: Բայց հաճախ հայտնվում է բավականին տհաճ ու վտանգավոր իրավիճակում: Այդ խնդիրը միայն ԶԼՄ-ների միջոցով չի կարող շտկվել, եթե չկա քաղաքական կամք: ԶԼՄ-ները հաճախ կանգնում են խնդիրների առջև, երբ իշխանական գործիչները սկսում են լրատվամիջոցները տարբերակել՝ յուրային և օտարի և բոյկոտ են հայտարարում օտար լրատվամիջոցների նկատմամբ: Օրինակ՝ ՀՀ նախագահի նստավայրը երբևէ «Ժողովուրդ»-ին իրենց կազմակերպած միջոցառումներին չի հրավիրել, սա նշանակում է՝ թերթը զրկված է բազմակարծություն ապահվելու իր իրավունքից: Փակ է նաև ՀՀ կառավարությունը, անգամ տոնական միջոցառումներին մեր թերթի որևէ ներկայացուցչի չեն հրավիրում: Միայն մենք չենք, էլի կան լրատվամիջոցներ, որոնք տեղ են գտել իշխանության սև ցուցակում: Ուստի բազմակարծություն ապահովելու համար պետք է շահագրգռված լինի նաև իշխանությունը: Այն կարող է իր ազդեցության գտնվող օլիգարխների ախորժակը զսպել և նրանց թույլ չտալ, որ ԶԼՄ-ների դեմ միլիոնավոր հայցեր ներկայացնեն՝ այդպիսով խոչընդոտելով մամուլի ազատությանը: Առաջ, եթե մամուլի դեմ պայքարում էին ծեծուջարդով, հիմա մամուլն ավելի չակերտավոր ազատ է, հիմա ավելի քաղաքակիրթ ճանապարհով են մամուլին լռեցնում: Չեմ կարծում, որ մամուլը այն աստիճան ազատ է, ինչպես նկարագրված է Սերժ Սարգսյանի ելույթներում և զեկույցներում, քանի որ այսօր մամուլի նորմալ գործունեության դաշտը բացակայում է: ՀՀ-ում չեն սիրում թերթ, լրատվամիջոց: Իրենք խուսափում են իրենց հայելու առաջ նայելուց»:

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մարտիրոսյանն էլ ելքի ճանապարհի մասին խոսելիս նշեց. «Կամ իրենք պիտի փոխվեն, կամ մենք»: Այնուհետև ստեղծված իրավիճակի հիմնական պատճառ համարեց մոնոպոլացումը ու մանրամասնեց. «Դա արտաքինից չի երևում, այլ արվում է ավելի խորամանկ ձևերով: Ճիշտ է, մի լրատվամիջոց պատկանում է իբր մի կուսակցության, մեկը մյուսին, մեկը՝ իբր սեփականատեր ունի: Բայց բոլոր դեպքերում իշխանության ազդեցությունները ակնհայտ են: Բազմակարծությունը կա, երբ մամուլի տարբեր ներկայացուցիչների հավաքում ես, կարող ես ինչ- որ բաների հանգել: Բայց խնդիրն այն է, որ ամեն մեկն իր ուղղությամբ է գնում:Մամուլը կարողանում է ինչ-որ կերպով ազատ արտահայտվել և դրսևորվել: Բայց խնդիրն այն է, որ սահմանափակումները լինում են ֆինանսական, գովազդի ոլորտում, ամեն ինչ արվում է , որ մամուլը դժվարությամբ կարողանա գոյատևել: Ավելի քաղաքակիրթ, նուրբ, խորամանկ, արտաքնապես սիրուն թվացող ձևերով են խոչընդոտում: Արդյունքում ուղղակի վախենում են թերթին գովազդ տալ: Առաջ ավելի բացահայտ էր ու ավելի հեշտ էր երևում: Հիմա ավելի լուրջ ու խորամանկ են աշխատում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728