Այսօր դատախազության մոտ ՀԱԿ-ի՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» հերթական ակցիայի ժամանակ, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ նախորդ գիշերը ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին: «Մենք լուրջ քաղաքական ուժ ենք եւ չենք ցատկում, տարբեր՝ շուտափույթ վարկածների, չենք փորձում ինչ-որ եզրակացություններով, ենթադրություններով հանդես գալ: Մի բան մեզ համար պարզ է՝ կատարվել է հանցագործություն, որը դատապարտելի է եւ իշխանությունները ոչ միայն տապալվել են քաղաքացու կյանքի ապահովման գործում, այլ նաեւ տապալվել են բնականոն նախագահական ընտրությունների պայմաններն ապահովելու գործում: Ի վերջո, նրանք չէի՞ն ասել, որ նախագահի թեկնածուների համար տրամադրելու են թիկնապահներ, անվտանգության միջոցներ…այդ հայտարարությունները նախապես արել էին: Հիմա՝ տեսնում ենք, թե ի՞նչ է եղել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
Ըստ նրա, եթե իշխանությունները արագ կերպով չեն բացահայտում այդ քստմնելի արարքն իրականացրած հանցագործներին եւ օրենքի ողջ խստությամբ չեն պատժում նրանց, ուրեմն այս իշխանություններն ի վիճակի չեն բնականոն նախագահական ընտրություններ ապահովել: ՀԱԿ-ն այդ պահանջը դնում է, վարկածների մասին կխոսեն լուրջ ինֆորմացիա ունենալուց հետո:
Հայրիկյանի հետ կատարված միջադեպի եւ ներքաղաքական իրավիճակի մասին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի դիտարկումները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև