«Փառք Աստծո, վիրահատությունից հետո վերականգնման գործընթացն ավելի արագ է գնում, քան սպասում էինք: Նրա տրամադրությունն էլ բավականին բարձր է, կատակներ է անում: Վստահ ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ոտքի կկանգնի, որովհետեւ բժիշկները դրական գնահատականներ են տվել»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջադեպի հետ կապված, ընտրությունները կհետաձգվե՞ն, հարցին՝ վարչապետն ասաց, որ այս պահին կարեւորը Հայրիկյանի առողջացման փուլն է, թե երբ նա պատրաստ կլինի նախընտրական գործընթացների մեջ ներգրավվել: Վարչապետն ասաց, որ այդ թեմայով խոսել է Հայրիկյանի հետ եւ Հայրիկյանը այդ մասին իր կարծիքը կասի:
Թե այս պահին ԱԱԾ-ն մահափորձի ինչ վարկածներ է առաջ քաշում, վարչապետն ասաց. «Բոլոր ծառայությունների հետ մշտական կապի մեջ ենք, այս պահի դրությամբ ոչ մի վարկած չի բացառվում: Մասնագետները տալիս են փորձաքննական եզրակացություն եւ այս կամ այն վարկածը մանրամասն կքննարկեն: Այս պահի դրությամբ ոչ մի վարկած չի բացառվում: Թե որ վարկածը կլինի իրատեսական՝ ժամանակը ցույց կտա»:
Կարդացեք նաև
Վարչապետի պատմելով՝ Հայրիկյանի հետ զրույցում Հայրիկյանը փորձել է վերհիշել դեպքի մանրամասները եւ փառք է տվել Աստծուն, որ կենդանի է մնացել:
Վարչապետը այս պահին հրաժարվեց գնահատականներ տալ դրսի ուժերով պայմանավորված մահափորձի վերաբերյալ: Նա ասաց, որ Հայրիկյանն էլ վաղաժամ է համարում նման գնահատականներ տալը: «Ինքը թշնամիներ չուներ, ընտանիքի անդամներն էլ էին ասում, որ չկար այդպիսի կանխավարկած կամ տրամադրվածություն, որ ինչ-որ մեկն ուզում է իր հետ հաշիվներ մաքրել»:
Պարոն Սարգսյանը նաեւ ասաց, որ նախագահի մյուս թեկնածուների անվտանգության հարցը իրենց ուշադրության կենտրոնում է եւ ամեն ինչ անելու են, որ բոլոր թեկնածուների համար ապահովվեն մրցակցային պայմաններ եւ չխաթարվի նախընտրական փուլը:
Այս պահին Հայրիկյանին այցելության է եկել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ