Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ցուցմունք տվեց երգիչ Դավիթը

Փետրվար 01,2013 16:26

harsnaqar3Այսօր Ավան եւ Նոր Նորք  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում  անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքի ենթարկված ռազմական բժիշկների, բռնարարքի հետեւանքով մահացած Վահե Ավետյանի գործով հերթական դատական նիստը:

Դատարանը լսեց միայն վկա Դավիթ Հակոբյանին:

Վկա Դավիթ Հակոբյանը, որին «երգիչ Դավիթ» են ասում,  հայտնեց, որ ռեստորանային  համալիր միջոցառումից միջոցառում է հրավիրվում: Դեպքի օրը հրավիրվել է, քանի որ հարսանիք էր:

Նա ասաց, որ Վահե Ավետյանը ժամը 22-ի սահմաններում զանգել է եւ ասել, որ ուզում են երաժշտություն լսել: Ազատ տեղ լինելու հետ կապված նա մոտեցել է մատուցողին, ասել տեղավորելու հարց կա եւ րոպեներ անց զանգել է Վահեին ու հայտնել, որ տեղ կա: Երգիչը հիշեց, որ հանդիպել է Վահեին եւ Գարիկ Սողոմոնյանին մուտքի սրահի մոտ, ասել է՝ տեղավորվեք ու ինքը հեռացել է:

Այլեւս նրանց չի մոտեցել:

Պատասխանելով հարցերին, նա նշեց, թե չի էլ իմացել, թե Վահեի հետ քանի հոգի են, քանի որ տեսել է նրանց՝ մարդկանցով շրջապատված: Նա ասաց, որ հետագայում դեպքի մասին իմացել է լրատվամիջոցներից, իսկ թե հատկապես որից՝ չի հիշում:

Ցուցմունքից հետո նրան հարցեր տվեցին ինչպես երկու մեղադրողները, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Վահե Գրիգորյանն ու Ռուբեն Եգորյանը, այնպես էլ ամբաստանյալների պաշտպանները:

Հարցաքննությունից պարզվեց, որ դեպքից 15 օր առաջ Դավիթը հրավիրել է Վահե Ավետյանին «Հարսնաքար»՝ իր շնորհակալությունը հայտնելու, քանի որ նրա հետ առնչվել էր քթի վիրահատության հետ կապված: Ինչպես ամբաստանյալների,   այնպես էլ տուժողների, մասնավորապես՝ Գարիկ Սողոմոնյանի եւ Արտակ Բայադյանի հետ երգիչն ունեցել է «հավասար հարաբերություններ»:

Հարցաքննության ժամանակ երգիչը հիշեց, որ դեպքի օրը իրեն զանգել է մատուցողը եւ ասել, որ  կոնֆլիկտ կա տղաների հետ: Ինքը զանգել է Վահե Ավետյանին, նա էլ ասել է, որ ամեն ինչ նորմալ է: Ինչ վերաբերում է նրան, թե տեղյա՞կ էր երգիչը, որ Վահե Ավետյանը գնացել է տուն՝ սպորտային համազգեստը փոխելու, ասաց, որ տեղյակ չի եղել եւ այդ մասին նույնպես իմացել է լրատվամիջոցներից: Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի հարցին, թե դեպքի օրը ի՞նչ հագուստով էր Վահե Ավետյանը, ոգելից խմիչք օգտագործե՞լ էր, թե՞ ոչ, նա ընդամենը հիշեց, որ Վահեն լավ տրամադրությամբ էր:

Հաջորդ վկան դատական բժիշկն էր , որին լսելուց հետո կհետազոտվի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Լրացուցիչ վկաներ դատակոչելու Մարինե Թովմասյանի միջնորդությունը հետաձգվեց. այն ոչ ժամանակին էր պատճառաբանությամբ:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 11-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728