Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն տեղյակ չէ Հայաստանի տնտեսության ստվերից (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 16:05

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենի կարծիքով` դեռեւս աշխատանքներ կան անելու Հայաստանի տնտեսությունում արդարացիության եւ թափանցիկության բարձրացման ուղղությամբ:

2010 թվականին համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի նախկին տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը անդրադառնալով Հայաստանի տնտեսության ստվերային հատվածին, նշել էր, որ այն կազմում է 30-45 %, որի մեջ մեծ մասնաբաժինն ընկնում է հանքարդյունաբերությանը:

Այսօր Aravot.am-ը համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափից հետաքրքրվեց, թե այս տարիների ընթացքում որեւէ բան փոխվե՞լ է եւ կրկի՞ն հանքարդյունաբերությունն է մնում մեծ հատվածը ստվերային տնտեսության մեջ: «Ցավում եմ, որ ամբողջովին չեմ կարող պատասխանել Հայաստանում ստվերային հատվածում հանքարդյունաբերության ոլորտի մասնաբաժնի մասին ձեր հարցին, հիմնավորելով կոնկրետ տվյալներով, դրա փոխարեն կուզենայի անդրադառնալ կարեւոր փոփոխություններին, որ այդ ոլորտում արվել են»: Իսկ այդ փոփոխություններն, ըստ տնօրենի, այդ ոլորտին վերաբերող այն օրենսդրական ակտերն են, որոնց իրականացման արդյունքում Հայաստանը կհայտնվի միջազգային քարտեզի այն երկրների թվում, որոնք ունեն գրավիչ ներդրումային դաշտ եւ համապատասխան բնապահպանական եւ սոցիալական առումով պատասխանատու համակարգ:

Մանրամասները` տեսանյութում

Լրագրողներից մեկի հարցին էլ , թե ի՞նչ կարծիք ունի ՀԲ-ի երեւանյան գրասենյակի տնօրենը նախորդ տարվա հարկային փոփոխությունների վերաբերյալ, որոնց արդյունքում փոքր ու միջին ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում եւ համամի՞տ է արդյոք Սերժ Սարգսյանի այն կարծիքի հետ, որ Հայաստանում մենաշնորհները պայմանավորված են բարդ կոմունիկացիաներով, պարոն Հափին ասաց.«Անցյալ տարի Հայաստանի տնտեսության վերականգնման առումով լավ տարի էր, հաշվի առնելով ՀՆԱ-ի բարձր աճը, որն էլ արտացոլում է տնտեսության տարբեր ճյուղերի բարձր կատարողականը, որի արդյունքում հարկային եկամուտներն ավելացան:Հարկային վարչարարության բարեփոխումները խիստ անհրաժեշտ են մասնավոր հատվածի զարգացումն ապահովելու համար, ինչպես նաեւ մակրոտնտեսական շրջանակի զարգացման համար»:

Պարոն Հափի ներկայացմամբ` դեռեւս աշխատանքներ կան անելու տնտեսությունում արդարացիության եւ թափանցիկության բարձրացման ուղղությամբ:

Ըստ երեւանյան գրասենյակի տնօրենի`«Հայաստանի մասնավոր հատվածի եւ ընդհանրապես ընկերությունների զագացման համար մրցունակությունը կարեւոր գործոն է համարվում համաշխարհային բանկի համար: Անցյալ տարի զգալի միջոցներ ուղղվեցին տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կարողությունների ու իրավասությունների մրցակցության բարելավման, գերիշխող դիրքի չարաշահման հետ կապված»: Այս պատասխանից հետո լրագրողներից մեկն էլ փորձեց պարոն Հափի կարծիքն իմանալ այն մասին, որ ՏՄՊՊ-ն երբեք չի ուսումնասիրել այն շուկաները, որտեղ կան բացարձակ մենաշնորհներ, որեւէ միջոցներ չի կիրառել այդ ոլորտում, իսկ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրում մրցակցային տնտեսության մասին խոսք չկա, շուկայական տնտեսությունը չի դիտարկում որպես տնտեսության զարգացման հիմնական թեզ, երեւանյան գրասենյակի տնօրենն ասաց. «Մենք նախատեսում ենք խարսխել համաշխարհային բանկի ռազմավարությունը կառավարության զարգացման ռազմավարությանը, ոչ թե նախագահի թեկնածուի ծրագրի»: Դիտարկմանն էլ, որ կառավարության ծրագիրն էլ խարսխված է լինելու նախագահի ծրագրի վրա, պատասխան չհնչեց. Ասուլիսը համարվեց փակված:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728