ՀՀ նախագահը հետաքրքրված է ռազմաարդյունաբերական համալիրի ակտիվացմամբ
«Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում այսօր կազմակերպվել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մամուլի ասուլիսը` տեսակամուրջի ձեւաչափով` Աստանայի, Երեւանի, Կիեւի եւ Մինսկի միջեւ։
Անդրադառնալով օրերս ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի եւ իր` Երեւան կատարած այցին, Նիկոլայ Բորդյուժան նշեց, որ դրանք տարբեր ծրագրերով այցեր էին, եւ երկու պաշտոնյաների այցերի օրերը համընկել են:
Կարդացեք նաև
«ՌԴ Պնախարարի այցը բավական արդյունավետ էր, որովհետեւ խոսք էր գնացել եւ ռազմատեխնիկական համագործակցության մասին, Գյումրիի ռազմաբազայի գործունեության մասին եւ այլ երկկողմ հարցեր: Ինչ վերաբերում է իմ այցին, ապա հադիպել եմ Հայաստանի նախագահի հետ, քննարկել ենք կազմակերպության գործունեությունը, 2013-ի ծրագրերը կազմակերպության շրջանակներում, տեղեկացրել եմ միջոցառումների մասին, որոնք իրականացվում են: Բայց ամենակարեւորը, ինչով հետաքրքրված էր Հայաստանի նախագահը, դա Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի ակտիվացման հարցն էր` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Հենց այս նախաձեռնությունից ելնելով էլ մենք քայլեր ենք իրականացրել, որպեսզի ստեղծենք այդ ռազմաարդյունաբերական բնույթի համատեղ ընկերությունները Հայաստանի տարածքում: Այս հարցում մենք զեկուցելու շատ բան ունենք: Ես բավարարված եմ` Հայաստան կատարած իմ այցով», հայտարարեց Նիկոլայ Բորդյուժան:
Անդրադառնալով ռուս սահմանապահների` հայ-թուրքական սահմանի առկայության վերաբերյալ թեմային եւ հարցին, թե արդյոք ՀԱՊԿ-ը կարո՞ղ է նպաստել հայ-թուրքական սահմանի բացմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նկատեց. «Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի հարցը երկկողմ հարաբերությունների խնդիր է, ՀԱՊԿ-ը այդ նուրբ հարցին ձգտում է չխառնվել, գիտակցելով, որ այսպիսի բարդ խնդիրները լուծվելու համար պետք է ունենալ ամբողջական պատկեր սահմանի վերաբերյալ: Կարող եմ ասել, որ մենք բավական ինտենսիվ աշխատում ենք սահմանային հարցով, միգուցե չենք ցուցադրում դա: Գործունեություն ենք ծավալում թմրամիջոցների հարցով` սահմանապահների միջոցով»:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ