Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«4 հոգու կրճատել են, մնացել եմ մենակ». անշարժ գույքի գործակալության տնօրեն (Տեսանյութ)

Փետրվար 01,2013 15:47

Այսօր կեսօրին տասնյակից ավելի անշարժ գույքի գործակալությունների աշխատակիցներ եւ գործակալությունների տնօրեններ «Ետ տվեք մեր աշխատատեղերը» եւ «Ո՞վ է 60.000 –ի «նկարիչը»» կարգախոսներով բողոքի ակցիա էին կազմակերպել ՀՀ ֆինանսների նախարարության մոտ:

Ակցիային ներկա ոլորտի ներկայացուցիչների խոսքով` օրենքի նոր փոփոխությունը կհանգեցնի գործազրկության, ու շուկայում կավելանա, այսպես կոչված, «սեւ մակլերների» թիվը:

Անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրենից փորձեցինք ճշտել, թե արդյոք օրենքի անփոփոխ մնալու դեպքում կթանկանա՞ն մատուցվող ծառայությունների գները:

«Լավ առաջարկ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վլադիմիր Խաչատրյանը պատասխանեց. «Դա չի աշխատի: Մեր երկրում մարդիկ դժվարանում են մուծել այն 2 %-ը ամբողջ գործարքի, որ գործակալությունները միջին հաշվով վերցնում են: Նրանք դրանից ավել հաստատ չեն վճարի, որովհետեւ օրինական դաշտից դուրս նաեւ գործում են «սեւ գործակալներ»»:

Գործակալության տնօրենի խոսքով` «սեւ գործակալների» թիվը կավելանա, ու կիջնի մատուցվող ծառայությունների որակը:

«Ռիսկայնությունը կբարձրանա, խաբեությունները կշատանան: Եթե 10 հոգանոց գործակալությունը կատարում էր ինչ-որ ծավալի աշխատանք, հիմա այդ աշխատանքը ստիպված կլինի կատարել 3 հոգով: Սա միանշանակ որակի անկման կբերի»,- ասաց ոլորտի ներկայացուցիչը` հավելելով, որ իրենց գործակալությունում արդեն կրճատել են 4 աշխատակցի, եւ ինքը մնացել է մենակ:

«Վիվա Ռիելթի» գործակալության տնօրեն Էդվարդ Հարությունյանը Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրենց բոլոր աշխատակիցները կրճատվել են, եւ ինքը նույնպես մնացել է մենակ:

«Մեր հաճախորդներն արդեն դժգոհում են: Զանգում են մեր աշխատողին, ում հետ մինչեւ այժմ աշխատել են, մեր աշխատողն էլ ասում ա` ես ձեր գործով չեմ կարող զբաղվել: Ո՞նց ասի, որ գործից հանել են: Ես մենակ ֆիզիկապես չեմ կարող աշխատել»,- ասաց գործակալության տնօրենը, այնուամենայնիվ, չհերքելով այն վարկածը, որ հետագայում ոլորտում գուցե լինի մատուցվող ծառայությունների գների թանկացում:

Ֆինանսների նախարարությունում «Անշարժ գույքի գործակալություններ» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչների եւ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանի հետ մոտ կես ժամ տեւած քննարկումից հետո «ԱՐ-ԳՈ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Արայիկ Գոջաբաշյանը հայտարարեց.

«Էս պահի դրությամբ մենք մնացինք մեր կարծիքին, նախարարությունն` իր, բայց մենք ամենասեղմ ժամկետներում կբերենք փաստեր, առաջարկներ: Նրանք պատրաստ են քննարկել, վերլուծել: Միտքը կայանում ա նրանում, որ չտուժեն ոչ ռիելթորական կազմակերպություները, ոչ էլ պետությունը: Ասում են` եթե դուք հիմնավորեք, մենք դեմ չենք լինի վերանայելու օրենքը: Կարեւորը` մենք շուտ բերենք մեր փաստերը, մեր հիմնավորումները, որ դա մեծ գումար ա, մենք չենք կարա վճարենք ու փորձելու ենք գտնել տարբերակներ դա չվճարելու համար»:

Հիշեցնենք, որ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ, անշարժ գույքի գործակալությունները պարտավոր են ամեն աշխատակցի համար վճարել 60 հազար դրամ:

PrevPhoto
NextPhoto

Աշոտ ԱԹԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728