Նախագահի էպոսագետ թեկնածու Վարդան Սեդրակյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը երեկ է այցելել Պարույր Հայրիկյանին: Նա դատապարտելով Հայրիկյանի մահափորձը՝ ասաց, որ կատարվածի վերաբերյալ տարբեր թեմաներ են շրջանառվում, ոմանք կարծում են, թե դա դրսից կազմակերպված արարք է, որոշների կարծիքով՝ ներսից. «Լսել եմ նաեւ, որ ասում են՝ հենց ինքն է կազմակերպել մահափորձը, PR-ի համար, որովհետեւ մի տեսակ անտրամաբանական է տեղի ունեցածը»:
Իսկ ինչ վերաբերվում է քարոզարշավը դադարեցնելուն, ընտրությունները հետաձգելուն, ապա Սեդրակյանը նշեց, որ գիշերը հիվանդանոցում է եղել ու այդ հարցն էլ է քննարկվել, Հայրիկյանը Աշոտյանի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է շարունակել ընտրարշավը. «Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ այդ ամենը կախված է Հայրիկյանի ցանկությունից, եթե նա գտնում է, որ կարող է շարունակել, ուրեմն կշարունակենք: Որոշում կկայացնեն դադարեցնել, ես էլ կդադարեցնեմ, եթե օրենքն ասում է, որ այդ մարդն է որոշողը, ուրեմն կանենք այնպես, ինչպես որ Հայրիկյանն է ուզում»:
Արամ Հարությունյանի հայտարարության մասին էլ, որն այսօր եւս մեկ անգամ կոչ արեց նախագահի թեկնածուներին հանել իրենց թեկնածությունը, Սեդրակյանը ասաց. «Արամ Հարությունյանի կոչն ում է հետաքրքիր: Նա անընդհատ կոչեր է անում…»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ News.am-ի