Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոստիկանապետի առաջին տեղակալ. Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու գործով դեռեւս կասկածյալների շրջանակ չկա

Փետրվար 01,2013 15:36

Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ կատարելու գործով դեռեւս կասկածյալների շրջանակ չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Նրա խոսքով` դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 1 գնդակ: Քիչ առաջ էլ վիրահատություն է  կատարվել եւ մարմնից փամփուշտն է հանվել: Կրակողը իր հետեւից, այլ հետքեր չի թողել:

«Մենք Ազգային անվտանգության  ծառայության մեր գործընկերների հետ համատեղ օպերատիվ կերպով աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշեց Հունան Պողոսյանը: Հարցին, թե այս պահին ֆոտոռոբոտ կա՞, թե` ոչ, նա արձագանքեց. «Այս պահի դրությամբ չունենք: Պարույր Հայրիկյանը, երբ արդեն նորմալանա մենք ավելի մանրամասն կզրուցենք նրա հետ»: Դիտարկմանը, թե հարեւանների շրջանում հանցագործին մեջքի կողմից տեսնողներ են եղել, Պողոսյանն ասաց. «Մենք այդ հարցումներն անցկացնում ենք, բայց դեռ այնպիսի նկարագրություններ չկան, որով մոտավոր ֆոտոռոբոտ կազմվի: Այս պահին շարունակվում են ընդհանուր որոնողական աշխատանքները»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում  հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան այսօր առավոտյան հաջողությամբ վիրահատել են:

Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728