Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ տենորը կփորձի կամրջել Մոնղոլիայի եւ Հայաստանի թատրոնները

Փետրվար 01,2013 14:59

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես Այվազյանը,  պատասխանելով «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ Չինաստան, Կանադա, Մոնղոլիա եւ այլ երկրներ համերգներով ու տարբեր ներկայացումներում հանդես եկած արվեստագետը մենահամերգ չի ունենում հայրենիքում, ասաց. «Չեմ շտապում մենահամերգով հանդես գալ»:

Նշենք, որ ճանաչված տենորը դեռեւս Երեւանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժնի 4-րդ կուրսի ուսանող է, իսկ առաջին կուրսից հրավիրվել է օպերային թատրոն: Առաջին դերերգը եղել է Ալֆրեդը՝ Վերդիի «Տրավիատայում», որին հաջորդել են Խոզեի (Բիզե՝ «Կարմեն»), Ռադամեսի (Վերդի՝ «Աիդա») եւ Սայաթ -Նովայի դերերգերը (Ա. Հարությունյան՝ «Սայաթ-Նովա»):

2012թ. օպերային երգիչը Կանադայի Richmond Hill-ում հանդես է եկել Վերդիի «Տրուբադուրում»՝ Մանրիկոյի դերերգով, իսկ նույն թվականին Մոնղոլիայի ազգային օպերայի եւ բալետի թատրոնում մարմնավորել է Կավարադոսի կերպարը՝ Պուչինիի «Տոսկայում»: Օրերս էլ, դարձյալ Մոնղոլիայի թատրոնի հրավերով, Հովհաննես Այվազյանը հանդես է եկել Կավարադոսի դերերգով (լուսանկարում):  Մեզ հետ զրույցում նա հիացական խոսքեր շռայլեց Մոնղոլիայի թատրոնի հասցեին. «Նրանց խաղացանկը հարուստ է ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից օպերային ու բալետային գրականության նմուշներով՝ «Աիդա», «Կարմեն», «Եվգենի Օնեգին», «Չինգիզ խան», «Ժիզել», «Սպարտակ» եւ այլն: Մոնղոլները որդեգրել են կազմակերպված աշխատաոճ, խաղաշրջանի ներկայացումները հստակ  ծրագրված են շուրջ երկու տարի առաջ, էլ չեմ խոսում  լուրջ գովազդի մասին: Մոնղոլիայում ներկայացումները նշանակված են շաբաթ եւ կիրակի, մեկ օր՝ օպերային, մեկ օր էլ՝ բալետային»: Մեր զրուցակիցը հավելեց, որ «Տոսկայում» խաղընկեր է ունեցել 2012թ. Պլասիդո Դոմինգոյի անվան մրցույթի հաղթող, մոնղոլ բարիտոն Ամար Տուվշինին:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե մոնղոլները հավանաբար սիրահարվել են հայ տենորի արվեստին, Հովհաննես Այվազյանը պատասխանեց. «Փետրվարի 14-ին էլ դարձյալ հրավիրված եմ Ուլան Բատոր՝ մասնակցելու Մոնղոլիայի օպերային թատրոնի 50-ամյակին նվիրված գալա համերգին»:

Հետաքրքրվեցինք՝ հայաստանցի որոշ գործընկերների օրինակով մտադիր չէ՞ «կամրջել» Մոնղոլիայի եւ մեր օպերային թատրոնները: Երգիչը հայտնեց, որ այս այցի ժամանակ նման խոսակցություն ընթացել է այնտեղի թատրոնի տնօրինության հետ, հիմա էլ պատրաստվում է այդ թեմայով զրուցել ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանի հետ եւ, համաձայնություն ստանալու դեպքում, Մոնղոլիա մեկնել Երեւանի օպերային թատրոնը ներկայացնող նյութերով: Ասաց նաեւ, որ Ուլան Բատոր ժամանելուն պես իմացել է, որ նույն օրը հյուրախաղերից հետո «տուն» է վերադարձել Մոսկվայի Մեծ թատրոնը:

Հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչպիսի՞ն է մեր կոնսերվատորիայի վերաբերմունքը հաճախակի հյուրախաղերի մեկնող երգչի բացակայությունների առիթով: «Իսկապես, հաճախ եմ բացակայում, բայց պիտի նշեմ, որ ոչ միայն ինձ, այլ մյուս ուսանողներին էլ, ովքեր հարգելի պատճառով են բացակայում, ռեկտոր Շահեն Շահինյանը ըմբռնումով է մոտենում»,- ասաց Հովհաննես Այվազյանը:

Այս պահին ի՞նչ դերերգի վրա է աշխատում:  «Շարունակում եմ համագործակցությունս Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Կանիոյի (Լեոնկավալո՝ «Պայացներ»), Պիկերտոնի (Պուչինի՝ «Մադամ Բաթերֆլայ»), Հերցոգի (Վերդի՝ «Ռիգոլետո») դերերգերից հետո նվագախմբի հետ պատրաստվում եմ առաջիկայում ներկայանալ  Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայում՝ Տուրիդուի կերպարով»,- հայտնեց Հովհաննես Այվազյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728