Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ սահմանամերձ տարածքները երաշխավորված անվտանգությամբ գոտիների վերածելու հայեցակարգային մոտեցում

Փետրվար 01,2013 14:57
Smbat Ayvazyan

Մշակվել է «Մեծն Տիգրան» կազմակերպության կողմից

ՀՀ սահմանամերձ տարածքները, որոնք հարակից են Ադրբեջանի հետ շփման գծին, կարելի է համարել պատերազմական գոտի: Ճիշտ է, հայտարարված պատերազմական գործողություններ չեն ընթանում, սակայն հակառակորդի դիպուկահարների մշտական ակտիվությունը, տարբեր մարտական գործողությունների իրականացումը, դիվերսիոն խմբերի ներխուժման մշտական վտանգը այդ տարածքների բնակչությանը պահում են մշտական լարվածության մեջ: Արդյունքում՝ այդ տարածքներում բնակչությունը շարունակաբար նոսրանում է, իսկ բնակավայրերը դատարկվում են:

Իհարկե այսօր արտագաղթի խնդիրը ամբողջ երկրի համար դարձել է գերխնդիր, սակայն սահմանամերձ գոտին ունի իր յուրահատկությունները եւ սահմանամերձ գոտում պլանավորող միջոցառումների համալիր ծրագիրը չպետք է նույնացնել մնացած տարածքներում իրականացվող աշխատանքների հետ: Որովհետեւ այլ տարածքներից մարդիկ հեռանում են հիմնականում սոցիալական պայմանների պատճառով, իսկ սահմանամերձ գոտուց հեռանալը առաջին հերթին պայմանավորված է անվտանգության նկատառումներով, միայն դրանից հետո սոցիալական պայմաններով: Հետեւաբար այդ գոտում պետք է.

1. ստեղծել անվտանգության այնպիսի համակարգ, որը կբավարարի այդ գոտու բնակչին եւ որի պարագայում բնակիչը իրեն կհամարի պաշտպանված,

2. պետք է ստեղծել սոցիալական այնպիսի պայմաններ, որոնք այդ գոտին կդարձնեն գրավիչ՝ ապրելու եւ գործունեություն իրականացնելու համար:

ՀՀ սահմանամերձ գոտում անվտանգության ապահովման միջոցառումները, մեր համոզմամբ, չեն կարող դիտվել որպես առանձին, իրարից անկախ գործողությունների շարք: Դրանք պետք է մշակվեն եւ իրականացվեն այնպես, որ արդյունքում ստեղծվի համակարգ իր բոլոր բնութագրերով:

Այդպիսի համակարգի ստեղծումը չի կարող իրականացվել միանգամից:

Դա պետք է իրականացվի փուլերով: Պետք է սկսվի նախաձեռնող ուժերի կողմից, սակայն իրականացվի որպես համապետական գործընթաց: Հաջողության միակ գրավականը այն է, որ դրանում պետք է կարողանալ ներգրավել ամբողջ հասարակությունը: Իսկ դա նշանակում է.

1. որ պետք է ներգրավված լինի պետական քարոզչամեքենան,

2. դրանում պետք է ներդրված լինեն հասարակական տարբեր խավերի շահերը բավարարող էլեմենտներ:

Նախատեսվող միջոցառումների արդյունքում կապահովվի սահմանամերձ գոտու անվտանգությունը, կնվազի արտագաղթը, կստեղծվեն ներգաղթի պայմաններ եւ հնարավոր կլինի բնակեցնել սահմանամերձ տարածքները:

Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետության տարածքը պաշտպանում է երկրի բանակը:

Դա շատ լավ գիտեն նաեւ սահմանամերձ գոտու բնակիչները:

Դա գիտի նաեւ հակառակորդը:

Հետեւաբար, բոլորը գիտեն, որ եթե որեւէ կետում, կամ որեւէ պահի հակառակորդը կարողանա շրջանցել գործող պաշտպանական շերտը, ապա սահմանամերձ գոտու անզեն ու անպաշտպան բնակիչը կհայտնվի վտանգին դեմ հանդիման:

Իհարկե բոլոր նրանք, ովքեր ներգրավված են պաշտպանական համակարգերում, պնդելու են, որ այդպիսի բան լինել չի կարող:

Սակայն կյանքը ապացուցում է հակառակը:

Իսկ լուծումը, մեր կարծիքով, միակն է. Սահմանամերձ տարածքի յուրաքանչյուր բնակիչ պետք է դառնա պաշտպանական համակարգի էլեմենտ, եւ դա է լինելու նախատեսվող պաշտպանական համակարգի հիմնական բնութագիրը: Այդ դեպքում սահմանամերձ տարածքները կդիտվեն որպես ամրացված պաշտպանական գոտիներ, որով էլ կապահովվի այդ տարածքների բնակիչների անվտանգությունը:

Նախատեսվող միջոցառումներ

Նախատեսվող միջոցառումների հիմնական տարրը լինելու է բազա-բնակավայրերի շղթան:

* Բազա-բնակավայրը համայնք է, որտեղ բնակիչը բացի իր առօրեական խնդիրները կատարելուց, մասնակցում է նաեւ անվտանգության միջոցառումներին (հերթապահում է բազայի դիտակետերում, պահանջված դեպքում մասնակցում է ինքնապաշտպանական գործողություններին, եւ այլն):

* Բազա-բնակավայրի ղեկավարումը իրականացվում է համայնքապետի կողմից, որին նշանակում է բազայի պատասխանատու կազմակերպությունը: Համայնքապետը միաժամանակ հանդիսանում է նաեւ բազայի պարետ եւ իրականացնում է բազայի անվտանգության ապահովման միջոցառումները (բազայի դիտակետերում հերթապահությունների կազմակերպումը, զենքի եւ զինամթերքի հաշվառումը, զինամթերքի բաշխումը եւ այլն): Համայնքապետի պաշտոնավարման ժամկետը հավասարեցվելու է զին. ծառայության հետ, թե պատասխանատվության, թե արտոնությունների մասով: Համայնքապետի աշխատավարձը վճարվում է պետության կողմից:

* Բազա-բնակավայրը պետք է ունենա տրանսպորտ եւ ինքնապաշտպանության համար անհրաժեշտ հաշվառված ռազմական միջոցներ:

* Բազա-բնակավայրերի բնակիչներին անհատույց հատկացվելու է բնակարան, հողատարածք:

* Բազա-բնակավայրերին անհատույց տրվելու են հողատարածքներ եւ հատկացվելու են խոշոր եւ մանր եղջերավոր անասուններ՝ որպես համայնքային սեփականություն:

* Բազա-բնակավայրի բնակիչները իրենց զբաղմունքը ընտրում են ըստ իրենց նախասիրությունների եւ հնարավորությունների, սակայն բոլոր բազաների համար պետք է պետության կողմից նախատեսվի եւ առաջարկվի բնակիչների 100%-անոց զբաղվածություն: Մենք գտնում ենք, որ դա կարող է ապահովվել ՊՆ կարիքների բավարարման հետ կապված աշխատանքները այդ բազաներում իրականացնելու միջոցով:

1. Բազա-բնակավայրերի եւ դրանց հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչներին (կանանց) պետք է առաջարկվի ՊՆ կարիքների համար օգտագործվող սպիտակեղենի, ներքնաշորերի եւ հագուստի կարելու, պատրաստելու աշխատանքները:

2. Բազա-բնակավայրերում եւ դրանց հետ կապված հարակից բնակավայրերում կարող է կազմակերպվել նաեւ ՊՆ կարիքների համար անհրաժեշտ կոշկեղենի արտադրությունը:

3. Բազա-բնակավայրի եւ դրանց հետ կապված հարակից բնակավայրերի բնակիչների արտադրած գյուղմթերքները ամբողջ քանակով եւ շուկայական գներով պետք է մթերվեն ՊՆ կարիքներն ապահովելու համար: ՊՆ-ն գյուղմթերքի այլ գնումներ կարող է իրականացնել, միայն բազաներում արտադրված մթերքը գնելուց հետո:

* Բազա-բնակավայրերի բնակիչները եւ նրանց ընտանիքների անդամները պետք է ստանան անվճար բժշկական ապահովագրություն, բազայում ապրած տարիները պետք է համարվեն աշխատանքային ստաժ, իսկ բազայում ապրած 1 տարին պետք է հավասարեցվի սովորական բնակավայրերի 1,5 տարվա հետ: Բազա-բնակավայրի բնակիչները պետք է ազատված լինեն գույքահարկից, ջրի հարկից, հողի հարկից:

* Բազա-բնակավայրերը պետք է լինեն ԱԱՀ-ից ազատված, ազատ առեւտրի եւ բիզնեսի գոտիներ: Բազա-բնակավայրերում տնտեսվարող սուբյեկտների համար պետք է նախատեսվի 10% շահութահարկ:

* Բազա-բնակավայրերում գործունեության լիցենզավորման սահմանափակումները պետք է վերացվեն, կամ մեղմացվեն:

Բազա-բնակավայրերի ստեղծումը իրականացնելու են նախաձեռնող կազմակերպությունները, իսկ դրա համար անհրաժեշտ պայմանները ապահովելու է ՀՀ պետական համակարգը:

Այսպիսի բնակավայրերի ցանցի եւ ամբողջ գոտիների ստեղծումը նորություն չէ: Դրա նախատիպերից են հայկական բդեշխությունները, ռուսական կազակական ստանիցաները, իսրայելական «կիբուցիները»:

Իսրայելական «կիբուցիները» համայնական տնտեսություններ են, որոնցում նախատեսված են թե սոցիալական արտոնություններ եւ թե բիզնես գործունեություն իրականացնելու գրավիչ պայմաններ:

2001թ. դրությամբ Իսրայելում արդեն ստեղծվել էր 267 կիբուցի, որոնցում ապրում է 115000 մարդ: Կիբուցիների չափահաս բնակչությունը համարվում է իսրայելական պաշտպանական համակարգի բաղկացուցիչ մաս, իսկ բնակիչների մի զգալի մաս ներգրավված է պաշտպանական բանակի հրամանատարական կազմում:

Այսօր բոլորս ականատեսն ենք, ինչպես են վերակենդանացնում ռուսական կազակությունը, ինչպես են ՌԴ սահմանների ամբողջ երկայնքով վերստեղծում եւ վերականգնում կազակական ստանիցաները: Նույնիսկ փոստային հասցեներում սովետական ժամանակների «գյուղ», «ավան» բառերի փոխարեն արդեն գրում են «ստանիցա»: Մինչեւ բոլշեւիկյան հեղափոխությունը ռուսական կազակության թվաքանակը եղել է 4,5 մլն մարդ: Այժմ արդեն վերածնված ռուսական կազակության թվաքանակը հասել է 750000-800000 մարդու:

Հայկական բդեշխությունները եւս ստեղծվել են սահմանային գոտիները պաշտպանելու համար: Հայկական բդեշխություններում ամբողջ բնակչությունը համարվել է աշխարհազոր, իսկ բդեշխները ավագության կարգով թագավորից հետո եղել են երկրորդը:

ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ

«Մեծն Տիգրան» հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հրաչ Պետրոսյան says:

    Երեք տարուց ի վեր սպասում էի թե որտեղից Հայաստանում այս գաղափարը պիտի ծնվի, որոշ հասկանալի թերություններով հանդերձ… Գրեթե երբեք անձնապես հավանություն չեմ տվել որեւէ ուրիշ մտքի, լինի նժդեհական, լինի ՀՅԴ-ական, լինի եսիմ ինչ, որ բոլորն էլ անհեռանկարանային են եւ ոչ իրապաշտ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728