Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերօրյա Դոն Ժուանը ստիպել էր ծանոթուհուն «քնել» իր ընկերոջ հետ

Փետրվար 01,2013 14:54

Փետրվարի 11-ին ՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանում կշարունակվի Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի անցյալ տարվա նոյեմբերի 28-ի դատավճռի դեմ բերված բողոքով դատական նիստը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարի 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել Արտեմ Գասպարյանին:

Մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Վլադիմիր Հարությունյանը: Ամբաստանյալի պաշտպանն է հանրային պաշտպանի գրասենյակից՝ Ալիկ Ստեփանյանը:

Այս գործով տուժողները 7 կանայք են՝ Ա. Գասպարյանը, Լ. Մարկարյանը, Ա. Կալիվանջյանը, Ա. Գրիգորյանը, Ա.Ղարագյոզյանը, Հ. Քյուրքչյանը եւ Հ. Մանուկյանը:

Ամուսնալուծված, 42-ամյա Ա. Գասպարյանն արգելանքի տակ է անցյալ տարվա ապրիլի 13-ից: Առաջին հաղորդումը ստացվել էր 2011թ. մայիսի 13-ին՝ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժնում տաքսու վարորդ Ռաշիդ Զատիկյանից՝ Ա. Ղարագյոզյանի կողմից կեղծ փողեր իրացնելու դեպքի առթիվ։ 2011թ. հուլիսի 8-ին հարուցված քրեական գործով Արտեմ Գասպարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել էր որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2012թ. փետրվարի 7-ից քրեական գործի նախաքննությունը շարունակվեց ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում։ Ապրիլի 13-ին հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Արտեմ Գասպարյանը հայտնաբերվեց:

Ամբաստանյալ Արտեմ Գասպարյանը, ըստ գործի նյութերի, խաբեության, գողության եւ կողոպուտի միջոցով 2 տարվա ընթացքում հափշտակել է տուժողների գույքը, Ա. Ղարագյոզյանի կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ, անձնական բնույթի բարիքներ ստանալու շահագրգռվածությամբ սեռական եւ այլ շահագործման վիճակի մեջ է դրել տուժող Ա. Ղարագյոզյանին։

Ա. Գասպարյանը ծանոթացել էր տուժող Ա. Կալիվանջյանի հետ, հրավիրել է նրան Կոմիտասի անվան այգի, որտեղ նրա վստահությունը չարաշահելով, դիտելու եւ վերադարձնելու պատրվակով վերցրել էր նրա ոսկյա մատանին, ապա ցայտաղբյուրից ջուր խմելու պատրվակով ծլկել:

Մեկ այլ դրվագով ոմն Կարենի հետ, Ծովագյուղ համայնքի բնակչուհի Ա. Գասպարյանից գնել են 1 գառ: Դրա դիմաց ոմն Կարենը վճարել է նախապես Արտեմ Գասպարյանից ստացած 4 հատ ՌԴ 1.000 ռուբլի անվանական արժեքով հուշանվեր-թղթադրամներ:

Մեկ այլ դրվագով, «Ինֆո-մարկետ» շաբաթաթերթում Ա. Գասպարյանը տեսնելով ամուսնության նպատակով ծանոթություն հաստատելու վերաբերյալ Լ. Մ.-ի հայտարարությունը՝ զանգել էր վերջինիս, ներկայացել Արմեն, ապա Բարեկամության պողոտայում նրա հետ հանդիպման ընթացքում հայտնել էր, թե իբր լուրջ նպատակներ ունի, ցանկանում է ամուսնանալ Լ.-ի հետ։ «Փեսացուն» վերցրել էր «հարսիկի» ոսկյա ականջօղերը՝ նրա մոտ թողնելով իր ձկնորսական կարթն ու պայուսակը, անհետացել էր:

Մերօրյա Դոն Ժուանի արկածները սրանով չեն ավարտվել: Նա ծանոթացել էր Երեւանի բնակիչ Ղ. Ժամկոչյանի եւ նրա մոր՝ Հ. Քյուրքչյանի հետ, ներկայացել էր Տիգրան անունով: Իր հյուրընկալողների բարեսրտությունից օգտվելով՝ նրանց հայտնել էր, թե վիճել է ծնողների հետ ու հեռացել տնից: Վերջիններս ժամանակավոր բնակություն էին տվել իրենց տանը։ Օգտվելով տանտերերի վստահությունից՝ նա հափշտակել էր Հ. Քյուրքչյանի «Սամսունգ» մակնիշի հեռուստացույցն ու տեսաձայնարկիչը:

Սեռական շահագործման ենթարկելու նպատակով, ըստ գործի նյութերի, վկաների ցուցմունքների, նա Ա. Ղարագյոզյանին խաբեությամբ տարել է «Ընտանեկան» ՍՊ ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիր՝ վարձակալած առանձնասենյակ: Ապա առանձնասենյակ էր կանչել 40 տարեկան մի տղամարդու։ Ա. Ղարագյոզյանին նա թողել էր այդ տղամարդու հետ, իսկ երբ Ա.Ղարագյոզյանը հրաժարվել է կատարել անծանոթ տղամարդու սեռական բնույթի պահանջները, վերադարձել է առանձնասենյակ, պահանջել, որ Ա.Ղարագյոզյանն ենթարկվի եւ կատարի անծանոթի բոլոր ցանկությունները: Ա.Ղարագյոզյանը, կամքին հակառակ, սեռական հարաբերություն է ունեցել անծանոթի հետ։ Բնականաբար, անծանոթը մուծվել էր Արտեմին:

Նախորդ միջադեպի հնարավոր կրկնության վերաբերյալ Ա. Ղարագյոզյանի մտավախությունը փարատելու նպատակով, նա վերջինիս նորից տեղափոխել է «Ընտանեկան» ՍՊ ընկերությանը պատկանող հյուրանոցային համալիր: Նրանց հետ եղել է անծանոթ մեկը: Նա պահանջել է այս անգամ սեռական հարաբերություն ունենալ իր ընկերոջ հետ, որից հետո առանձնասենյակից դուրս է եկել՝ չթողնելով, որ առանձնասենյակից դուրս գա Ա. Ղարագյոզյանը:

Ըստ ձեռք բերված ապացույցների, Ա. Գասպարյանը «նրան ներս է հրել՝ սեռական շահագործման մեջ կրկին ներքաշելով նրան։ Ա. Ղարագյոզյանը հարկադրված սեռական հարաբերություն է ունեցել նաեւ այդ տղամարդու հետ»։ Սպառնալիքների ազդեցության տակ Ա. Ղարագյոզյանը Արմավիրից Քարակերտ գյուղ մեկնելու ժամանակ, 1 հատ ՌԴ 5. 000 ռուբլի հուշանվեր-թղթադրամը 2500 ՀՀ դրամի ուղեվարձի դիմաց վճարել էր «Լյուքս» տաքսի ծառայության վարորդին, որն էլ դիմել էր ոստիկանության բաժին:

Բողոքաբեր կողմը գտնում է, որ պատիժը իրավաչափ չէ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728