Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այս անգամ կոտրելու ենք ծախված ընտրությունների կարծրատիպը»

Փետրվար 01,2013 14:51

Ասում է «Շրջադարձ» հասարակական կազմակերպության նախագահ Էմմա Խուդաբաշյանը

– Դուք է՞լ եք կարծում, որ այս անգամ նախագահական ընտրություններն ընթանում են առանց մրցակցության:

– Մի՞թե անձնական վիրավորանքների ու հայհոյանքների բացակայությունը կարելի է անմրցակից անվանել: Հայաստանում այս քաղաքական պայքարը միանշանակորեն օրինաչափությունների դաշտում է ընթանում, եւ մեր հայրենակիցները շուտով վեցերորդ անգամ իրենց անվտանգության ու ապահովության երաշխավորին են ընտրելու: Բարեբախտաբար, Հայաստան կոչվող երիտասարդ պետությունն արդեն չափահաս է դարձել եւ ըստ իս՝ կարողացել է խուսափել աճման շրջանին հատուկ ճակատագրական հիվանդություններից: Ես նկատում եմ, որ լրջախոհ է դարձել նաեւ մեր հասարակությունը. չկա առաջին ընտրությունների հուզական խանդավառությունը, չկան դրան հաջորդողների հաշվենկատությունն ու հետագայի արյունոտ բեւեռացումը… Հիմա մեր հայրենակիցներն իսկապես ընտրություն են կատարում առաջադրված թեկնածուներից, ծանր ու թեթեւ են անում եւ իրենց որոշումը կհայտնեն օրեր անց: Եվ ես տեսնում եմ, որ այս անգամ, կարծես, ոչ ոք չի էլ փորձում ապօրինի միջոցներով շեղել նրանց կամքի ազատ դրսեւորումը:

– Ինչո՞ւ չառաջադրվեցին Լ. Տեր-Պետրոսյանն ու Գ. Ծառուկյանը:

– Երկար ժամանակ թեժ էր պահվում նրանց առաջադրման հարցը, բայց նախագահի թեկնածուներն էլ են ընտրություն կատարում, մտածում են՝ գնա՞լ, թե՞ չգնալ այդ դժվարին ու բարդ ճանապարհով, նրանք էլ են հաշվարկում իրենց ուժերն ու հնարավորությունները, ծրագրում անելիքները: Առաջին նախագահը թերեւս բոլորիցս լավ գիտի, թե ինչ ահռելի ու անշնորհակալ բեռ էր սպասելու իրեն թե հաղթանակի դեպքում, թե աշխատելու ընթացքում… Եվ որպես իսկական հայրենասեր ու իրապաշտ մարդ՝ չցանկացավ մասնակցել պայքարին: Մոտավորապես նույնն արեց նաեւ կուսակցապետ Գ. Ծառուկյանը: Այսօր ունենք այն, ինչ ունենք. չորս հիմնական մրցակիցներ… Հայրենասեր ու հուզական դիվանագետ Ր. Հովհաննիսյան, վարչական փորձ եւ ծառայություններ ունեցող, տնտեսագետ Հ. Բագրատյան, Հայաստանի անկախության ջատագով, տառապանքի ուղիներով անցած Պ. Հայրիկյան եւ կառավարման ու դիվանագիտության հմտություններին տիրապետող, ռազմական կենսագրություն ունեցող ներկա նախագահ Սերժ Սարգսյան: Անկեղծ ասած, ես, որպես իրատես մարդ, ընտրում եմ Սերժ Սարգսյանին:

– Ինչո՞ւ:

– Նախ՝ քանի որ ծանոթ եմ բոլոր թեկնածուների ծրագրերին, եւ նրա առաջարկածը ամենասրտամոտն է անձամբ ինձ, դա ժողովրդի բոլոր՝ ամենախորքային ցավերի փայլուն իմացություն ցույց տվող եւ դրանց վերացման ամենակարճ ճանապարհը հստակ ուղենշող սոցիալիստի մոտեցում է:

– Ինչո՞ւ է գործող նախագահը միայնակ գնում նախընտրական հանդիպումների:

– Հմուտ շախմատիստ Ս. Ս.-ն ճիշտ հաշվարկ է արել, տեսել, որ բոլոր ժամանակներում գովք ասող սազանդարների թե ձայնը, թե սազերի լարերն արդեն մաշված են եւ ժողովրդի մոտ ալերգիկ շոկ են առաջացնում, էլ գովերգվողի մասին չեմ խոսում: Իսկ եթե ավելի լուրջ, ապա ճշմարիտ միտքը տեղ հասցնելու համար թեկնածուի ծանրակշիռ խոսքը լիովին բավարար է:

– Գործող նախագահին մեղադրում են օլիգարխիային սատարելու մեջ:

– Գաղտնիք չէ, որ նախորդ նախագահական ընտրություններն իրենց վրա անվստահության խարան էին կրում, գաղտնիք չէ նաեւ, թե ով ու ինչու դրեց այդ արյունոտ դրոշմը: Նման իրավիճակում ոչ ոք, նույնիսկ երկրի ամենազոր ղեկավարը չի կարող վճռական եւ արմատախիլ անող քայլեր կատարել, նա ստիպված է խուսանավել թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերում: Հուսով եմ, որ այս ընտրությունները լինելու են բաց եւ շատ արդար, հնարավոր բոլոր նախադրյալներն արդեն ստեղծված են: Ժողովրդավարություն ասածը միայն խոսք չէ, նա ընտրվածին լիարժեք հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու, այլ նաեւ գործելու իր ընտրողների անունից: Եթե ընտրողդ ժողովուրդն է, թիկունքումդ զգում ես ազգիդ վստահության ուժը, ապա դու միայն նրան ես պարտական, եւ գործնական քայլերդ էլ լինում են այդ գիտակցությանը համապատասխան: Կարծում եմ՝ այս անգամ մենք կոտրելու ենք ծախված ընտրությունների կարծրատիպը:

– Ինչպե՞ս եք պատկերացնում դա:

– Այսօր Հայաստանի յուրաքանչյուր ընտրող պետք է իրեն հստակ հաշիվ տա, թե առկա թեկնածուներից ով է ի զորու լուծել մեր երկրի առջեւ ծառացած ամենածանր ու ճակատագրական Լեռնային Ղարաբաղի հարցը: Ես, որպես քաղաքացի, գտնում եմ, որ այդ հարցին հնարավոր ամենահայանպաստ լուծումը կարող է տալ Արցախի հողի վրա ընկերներ ու հարազատներ կորցրած սպան, որի ընտանիքը մինչեւ վերջ չի լքել իր օջախը, նույնիսկ այն ժամանակ, երբ այդ ընտանիքի հայրը Երեւանում է պաշտոնավարել:

– Շատ է խոսվում, որ Հայաստանը բռնապետություն է:

– Ժողովրդավարությունը մի օրում չի հաստատվում: Վերջին հինգ տարիների ընթացքում՝ բարեկամ, թե թշնամի, բոլորն էլ համոզվեցին, որ դասական բռնապետության նշանները մեկը մյուսի ետեւից դուրս են մղվում մեր իրականությունից… երկար ընդմիջումից հետո նախ եթերում երեւացին ընդդիմության ներկայացուցիչները, այնուհետեւ վերացվեցին խոսքի ցանկացած սահմանափակումները, եւ մեզանում շատ արագ ձեւավորվեց քաղաքակիրթ բանավեճի, քաղաքական լրագրողության մշակույթը, սա էլ իր հերթին երկրորդ պլան մղեց միտինգների անհրաժեշտությունը: Հետո սկսվեցին իշխանությունների եւ ընդդիմադիրների բանակցություններ, հետո եկավ մի ժամանակ, որ քաղաքական՝ տրամագծորեն հակադիր բեւեռներ ներկայացնող կուսակցություններն անգամ սկսեցին շփման ու համագործակցության հարթություններ որոնել ու նստեցին սեղանների շուրջ… Մեր երկիրը, մեր ժողովուրդը եւ մեր կուսակցական էլիտան գործող նախագահի օրոք մտել են քաղաքական հասունացման շրջան… Ես ուզում եմ, որ այսօր դեռ առաջին դժվար քայլերը կատարող այս գործընթացը անպայման շարունակություն ունենա, եւ սրանք են այն պատճառները, որ արժանիների միջից ընտրելու եմ Սերժ Սարգսյանին՝ գործող նախագահին:

Ս. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728