Ըստ Ստեփան Դանիելյանի՝ ընտրությունները կարեւոր միջոցառում են օրենքի նկատմամբ առավել անպատասխանատու մարդկանց դեպի իշխանություն ճանապարհ հարթելու համար:
– Պարոն Դանիելյան, նախագահական քարոզարշավի ընթացքը նախ՝ ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ առանձնահատկություններ կան այս քարոզարշավում:
– Ես այն կարծիքին եմ, որ Հայաստանում ընտրություններ չեն լինում, այսինքն՝ ընտրությունների միջոցով ընդդիմությունը չի կարող գալ իշխանության, սակայն ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն տարբեր հարթություններում իշխանություն ձեւավորելու եւ բիզնեսի ու սեփականության վերաբաշխման գործում: Ի՞նչ նկատի ունեմ: Ընտրությունների ժամանակ «լավ աշխատած» մարդիկ, այսինքն՝ նրանք, ովքեր բավարար քանակի ձայն են բերում իշխանությանը, համապատասխանաբար ստանում են իշխանություն տեղական ինքնակառավարման մարմիններում, տարբեր գերատեսչություններում եւ այլն: Նրանք, ովքեր ֆինանսական ներդրում են կատարում եւ նույնպես ձայներ ապահովում, ստանում են մենաշնորհներ կամ էլ որոշակի բոնուսներ հարկային եւ մաքսային ոլորտներում եւ այլն: Եվ հակառակը` Սուքիասյանի, Սասուն Միքայելյանի օրինակները լավ եք հիշում: Այսինքն՝ ընտրությունները կարեւոր միջոցառում են իշխանության ներսում մրցակցություն ապահովելու համար եւ բնական ընտրության միջոցով օրենքի նկատմամբ առավել անպատասխանատու մարդկանց դեպի իշխանություն ճանապարհ հարթելու համար:
Բնականաբար, այդ գործի համար անհրաժեշտ է ընդդիմություն: Եթե ընդդիմությունը չմասնակցի կամ հանկարծ լինի բոյկոտ, ապա համակարգը նույն կերպ չի կարող գործել. կամ պետք է տրանսֆորմացվի մի այլ որակի, կամ էլ կազմալուծվի: Կարծես թե մենք այդ սցենարին ենք մոտենում: Այդ իմաստով անիմաստ եմ համարում քննարկել քարոզարշավը: Գոնե ինձ համար այս ընտրությունները ֆարս են:
Կարդացեք նաև
– Բոյկոտի միջոցով չմասնակցությունը երաշխի՞ք է, որ կհաջողվի համակարգը փոխել: 2008-ին ընդդիմությունը բավական ուժեղ էր, բայց չստացվեց: Այսինքն՝ էականը այն է, թե ընտրություններո՞վ է փորձ արվում իրավիճակ փոխվել, թե՞ բոյկոտով, եւ առավելությունը այս դեպքում բոյկոտի՞նն է:
– Մենք դեռ լավ չենք վերլուծել, թե ինչու 2008-ին չստացվեց: Իմ կարծիքով՝ պատճառը Տեր-Պետրոսյանի դեստրուկտիվ քաղաքականությունն էր, սակայն դա այլ թեմա է: Մենք լավ չենք վերլուծել այն, ինչ 2008-ին կատարվել է: Դրա համար այդ համեմատությունը ես չեմ ընդունում: Ոչ ոք չի վիճարկում այն, որ ընտրությունները կեղծվում են, այդ դեպքում ո՞րն է մասնակցության իմաստը: Այդ օրը կարելի է թեկուզ հանգստանալ, լավ գիրք կարդալ, ինչու պետք է ժամանակ ծախսել այդ անիմաստ միջոցառման վրա: Երկրորդը՝ եթե դա ոչինչ չի տալիս, ապա ինչո՞ւ է իշխանությունը այդքան էներգիա ծախսում քարոզի վրա: Կտեսնեք, դեռ տնետուն են ընկնելու՝ մարդկանց տեղամասեր հրավիրելու համար: Երրորդ՝ կեղծիքին կազմակերպված ձեւով չմասնակցելը նոր գիտակցություն է բերում, որն ամենակարեւորն է ինձ համար:
– Կեղծիքին կազմակերպված, գիտակցված չմասնակցելու դեպքում ո՞ր ուժերը պետք է հասարակությանն առաջնորդեն կամ եթե կուզեք՝ ուղղորդեն: Թե՞ հասարակությունն ինքն իրեն պետք է ինքնակազմակերպվի: Ձեր կարծիքով՝ հասունացե՞լ է արդեն մեզանում այդպիսի հասարակություն, որը նախագահական ընտրություններին չի գնա քվեարկի, այլ հետընտրական շրջանում ոտքի կկանգնի:
– Հասարակությունը ինքնին ոչինչ չի կարող անել, եթե անգամ համարենք, որ շատ գիտակից է: Ցանկացած հասարակության կամքը եւ գիտակցությունը արտահայտվում է համապատասխան հաստատությունների միջոցով: Շատերը փորձում են մեղադրել հասարակությանը, սակայն ես առաջին հերթին կմեղադրեի քաղաքական կուսակցություններին եւ նրանց, ովքեր ձեւավորում են քաղաքական միտքը ու հանրային կարծիքը: Նրանք ոչ թե օգնում են ձեւավորել առողջ հանրային գիտակցություն, այլ ճիշտ հակառակը` ապակողմնորոշում են: Այդ հաստատությունները իշխող խմբավորման համար ստեղծում են իրենց գոյատեւման համար անհրաժեշտ միջավայրը:
Չմասնակցել ընտրություններին ինձ համար նշանակում է մերժել տիրող քաղաքական համակարգը՝ իր իշխանական եւ ընդդիմադիր թեւերով հանդերձ, որը հիմք կհանդիսանա նոր դաշտ ձեւավորելու համար: Եթե նման գործընթաց սկսվի, կտեսնեք, թե իշխանություններն ու ընդդիմադիր կուսակցությունները ինչպես կհամախմբվեն փոփոխություններին դիմագրավելու համար: Նման միտումներ արդեն զգացվում են:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ