Նախկինում «Առավոտը» տեղեկացրել է Տավուշի մարզային գրադարանի խնդրի մասին: Գրադարանի շենքի նորոգումը սկսվել է 2011 թվականի հուլիսին, այդ նպատակով պետական բյուջեից ծախսվել է 54 միլիոն դրամ:
Այժմ մարզային գրադարանի միայն առաջին հարկն է գործարկվում: Նորոգումը կատարվել է մեծ խախտումներով: Առաջին հարկի 2 սենյակներում, ուր տեղավորված են այցելուների սպասարկման, գրքերի մշակման եւ համալրման, մեթոդական եւ տեղեկատվական բաժինները, էլեկտրական հոսանքի վարդակներ չկան, այդ սենյակներում էլեկտրական հոսանքի լարեր չեն անցկացվել: Սպասարկման բաժնում տեղադրված է կույրերին ընթերցանել սովորեցնելու համար նախատեսված համակարգիչ, սակայն հոսանքի բացակայության պատճառով այն չի գործարկվում:
Սպասարկման բաժնում տեղադրված «եվրոպատուհանները» բացելուց հետո չեն փակվում, ուստի գրադարանավարուհիները դրանք ընդհանրապես չեն բացում: Նորոգված սենյակների պատերին բազմաթիվ ճեղքեր կան, նաեւ` խոնավության հետքեր: Նախասրահում գտնվող զուգարանների նորոգումն անավարտ է մնացել:
Նորոգման աշխատանքների կիսատ մնալու պատճառով մարզային գրադարանի գեղարվեստական գրականության մի մասը գտնվում է Իջեւանի թիվ 5 դպրոցում: Շենքի երկրորդ հարկն ամրացման նպատակով ցանցապատվել է, սակայն գործը կանգ է առել: Տավուշի մարզային գրադարանի տնօրեն Սաշա Հովսեփյանին հարցրեցինք գրադարանի նորոգման գործընթացի մասին: Նա ասաց, որ ներկայումս վերանորոգման գործընթացը չի շարունակվում, որ հանրապետության գլխավոր դատախազությունը գրադարանի անորակ նորոգման կապակցությամբ քրեական գործ է հարուցել, նորոգում կատարած կազմակերպության ղեկավարը փախուստի մեջ է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ