Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեմոկրատական ցենտրալիզմ

Փետրվար 01,2013 14:44

Իմ դպրոցական տարիների դասագրքերը պնդում էին, որ այն միակ կուսակցությունը, որը այն ժամանակ իշխում էր մեր երկրում, հիմնված է դեմոկրատական ցենտրալիզմի վրա: Այդ սկզբունքը, հիշեցնեմ, ենթադրում էր՝ ա/ բոլոր մարմինների ընտրված լինելը, բ/ դրանց պարբերական հաշվետվություն, գ/ խիստ կուսակցական կարգապահություն եւ փոքրամասնության կողմից մեծամասնությանը ենթարկվելը, դ/ վերադաս մարմինների որոշումների պարտադիր լինելը ստորադասների համար: Թվում է, թե ոչ մի վատ բան այդ սկբունքների մեջ չկա՝ բա էլ ինչպե՞ս կարելի է որոշում ընդունել, եթե ոչ մեծամասնությամբ եւ հետո պարտադրել փոքրամասնությանը՝ ուզում ես ենթարկվիր, չես ուզում՝ հաջողություն: Բայց վերոհիշյալ կուսակցության այդպիսի կառուցվածքը թույլ տվեց Ստալինին 20-30-ական թվականներին դառնալ բռնապետ. խարդավանքների հմուտ վարպետ լինելով՝ նա ժամանակ առ ժամանակ «մեծամասնություններ» ստեղծելով ջախջախում էր «հակակուսակցական խմբավորումները», հետո ջախջախում էր ջախջախողներին, եւ այդպես շարունակ՝ այդպիսով մաքրելով եւ բյուրեղացնելով կուսակցության շարքերը՝ այն աստիճանի, որ բոլոր մտածող մարդիկ դուրս մղվեցին, եւ մնացին միայն նրանք, ովքեր գովերգում էին «հանճարեղ առաջնորդի» ամեն մի քայլը:

Ես բացարձակապես չեմ ուզում ասել, որ այսօր ստալինյան ժամանակներ են, բռնապետություն է եւ այլն: Սակայն եկեք համաձայնենք, որ 22 տարում մեր կուսակցականները չկարողացան հնարել կուսակցության այլ կառուցվածք, քան վերը շարադրվածը: Արդյունքում կա՛մ որոշումներն ընդունվում են միաձայն, կա՛մ էլ կուսակցության մեջ հայտնվում են «թշնամական տարրեր», որոնցից այդ քաղաքական կառույցը պարբերաբար մաքրվում եւ բյուրեղանում է: Դուք կարո՞ղ եք, օրինակ, պատկերացնել, որ Հանրապետական կուսակցության վերջին համագումարում տեղից վեր կենար մի պատվիրակ եւ ասեր, որ նա դեմ է կամ գոնե ձեռնպահ է Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելուն: Այդպիսի մարդուն լավագույն դեպքում կառաջարկեին վայր դնել կուսակցական տոմսը եւ դուրս գալ Մարզահամերգային համալիրից:

Մոտենում է նաեւ այդ ժամանակը, երբ Հայ ազգային կոնգրեսում նույնպես որոշումները կընդունվեն միաձայն: «Գծի դեմ» գնացածների մեծ մասը ՀԱԿ-ից դուրս է գտնվում, մնացածի դուրս գալը ժամանակի հարց է: Հերթը, հավանաբար, Պետրոս Մակեյանինն է, որը երեկ իր հերթին հեռացրեց սեփական՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության «գծից դուրս» հայտնված Ղուկաս Մեհրաբյանին: Մեծ եւ փոքր կուսակցությունները մեր պետության մանրակերտն են: Տվյալ դեպքում, սակայն, բացառված չէ, որ ԺՀ-ի կնիքը Պետրոսի ձեռքից խլեն եւ հանձնեն Ղուկասին, եւ այդ դեպքում էլ որոշումները ՀԱԿ-ում ընդունելու են միաձայն: Մի խոսքով՝ «դեմոկրատական ցենտրալիզմ»՝ իր լավագույն դրսեւորումներով:

Իրականում կուսակցությունների ներսում ամեն ինչ կախված է նրանից, թե ով է պահում գրասենյակները, ով է աշխատավարձ վճարում ֆունկցիոներներին: Այդ մարդը տեր է, իսկ մնացածը՝ տնվորներ: Հնարավո՞ր է արդյոք կուսակցություններ կառուցել այլ սկզբունքներով: Չգիտեմ՝ երբեք կուսակցական չեմ եղել:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728