Հարցին, թե աշխատավարձի փոփոխությունը գնաճի հետ որքանո՞վ է համադրելի, ԱՎԾ մասնագետ Գուրգեն Մարտիրոսյանն ասաց` աշխատավարձը բարձրացել է 5,1 %-ով, իսկ գնաճը կազմել է 2,6 %:
Այս տարվա հունվարին կարտոֆիլը 31 %-ով թանկացել է դեկտեմբերի համեմատությամբ: Այս սննդամթերքի գինն այնքան ժամանակ չի իջնի, մինչեւ որ կարտոֆիլի նոր բերքը լինի: Այսօր «Հենարան» ակումբում ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը ներկայացրեց հունվար ամսվա գնաճի ցուցանիշները: Նույն ժամանակահատվածում թանկացել է նաեւ ձկնամթերքը` 2,3 %-ով, ոգելից խմիչքը` 2,4 %-ով, որոշ ծառայություններ` 0,8 %-ով, ոչ պարենային ապրանքները` 0,2 %-ով, պարենային ապրանքները` 5,1 %-ով:
Ընդհանուր առմամբ, ԱՎԾ-ի մասնագետների կողմից դիտարկվել են 470 անվանում ապրանք-ծառայություններ, որոնցից 368-ի գծով է արձանագրվել գնաճ:
Գուրգեն Մարտիրոսյանը վստահեցրեց, որ նախորդ տարիներին, տոներին ընդառաջ, գնաճային միտումներն ավելի ընդգծված են եղել, քան` այս վերջին երկու տարում: Ըստ նրա, այս տարվա հունվարի երրորդ տասնօրյակում 80 անվանում ապրանքատեսակների գծով վիճծառայությունն արձանագրել է 0,7 % գների անկում: Վիճծառայության մասնագետը հիշեց, որ անցյալ տարվա դեկտեմբերին նույնպես գնաճը զսպվել է եւ ամեն տարվա պես գների թռիչքային աճ չի եղել:
Հարեւան երկրներում, ըստ պարոն Մարտիրոսյանի, գնանկման միտում եղել է Ուկրաինայում, Ադրբեջանում եւ Վրաստանում. «Եվրամիության երկրներում սպառողական շուկան համեմատելի չէ եւ գնագոյացման միտումներն էլ նույնը չեն»:
2012 թվականի հունվար-դեկտեմբերին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձը կազմել է 121 374 դրամ եւ նախորդ տարվա համեմատությամբ աշխատավարձի աճը կազմել է 5,1 %:
Հարցին, թե աշխատավարձի փոփոխությունը գնաճի հետ որքանո՞վ է համադրելի, պարոն Մարտիրոսյանն ասաց` աշխատավարձը բարձրացել է 5,1 %-ով, իսկ գնաճը կազմել է 2,6 %:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ