Արարատի մարզի Դվին գյուղում մի ծեր պապիկ լուրջ մտահոգություն ուներ: Մայրաքաղաքից եկած հյուրերից ում բռնեցնում էր՝ հետաքրքրվում էր՝ «Հոկտեմբերի 27-ին Վազգենին, Կարեն Դեմիրճյանին որ սպանին, դրա դատվածները կա՞ն, թե՞ աքսորվել են արտասահման»: Մեր դիտարկմանը, որ Նաիրի Հունանյանը կալանավայրում է՝ պապիկը չհավատաց՝ «Դու տեսե՞լ ես: Չգիտեմ, կարող է պասպորտ տան, անուն-ազգանունը փոխեն՝ բրախեն էթա: Ո՞վ ա դրա տերը, ո՞ր մեկն ա իմանում: Սաղ գլուխները կախ, մենակ ոտների տակն են նայում, վերեւ չեն նայում՝ ինչ կա-չկա»:
Դվին գյուղի բնակիչները մեզ հետ զրույցում դժգոհում էին, որ հաց չունեն ուտելու, ալյուր չունեն անգամ, որ հաց թխեն, ուտեն, իսկ նախագահ Սերժ Սարգսյանը խոսում է ապահով Հայաստանից:
Մեր հարցին, թե նախագահը չի՞ եկել քարոզարշավի, երբ գա, նրան թող հայտնեն իրենց խնդիրները՝ գյուղացին պատասխանեց. «Նախագահական քարոզարշավները միահամուռ լինում են կենտրոններում, որ ժողովրդի մեծամասնություն ցույց տան, ձայների մեծամասնություն: Ոչ մի գյուղում չեն լինում: Գյուղերում հազվագյուտ են լինում: Մեր մոտ չի եղել ըտենց բան»:
Գյուղացիների խոսքերով՝ «Որտեղի՞ց պիտի ունենանք ապահով Հայաստան, եթե մինչեւ էսօր չենք տեսել, չենք ունեցել: Վազգեն Սարգսյանը մեծ ջանքերով բանակը ստեղծեց: Երեկ բանակի օրվա առթիվ դաժե Վազգեն Սարգսյանի անունը չեն տալիս, էդքան բանը ստեղծողին: Իրա օրոք ա ստեղծվել երկիրը, ինքն է սարքել լրիվ՝ ամեն ինչով: Պիտի ասվի, պիտի մեծարվի: Ժողովուրդը սառած վիճակ ա, վիճակ չկա»:
Կարդացեք նաև
Մենք հետաքրքրվեցինք, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիներից գոհ չե՞ք՝ գյուղացիներից մեկը պատասխանեց. «Գոհ լինելը որն է, չեմ կարա դժգոհեմ: Խոսքի, ժողովուրդը ոնց կարում՝ ապրում է, բայց վիճակը չի լավանում: Տանջվելով, հողով չեն կարում ապրեն: Հողը եկամուտ չի տալիս, հարկերը շատ են: Պիտի այնպես անեն, որ գյուղացուն հարկերից ազատեն: Գյուղացիները բանկերի տակ ճռռում են: Դիզվառելիքը 7000 է, դա ի՞նչ գին է: Կոպեկներ է, թող դրսից ներկրեն: Թող մանր բիզնեսը աշխատի, թող թույլ տան ժողովուրդը ներկրի, էժանացում լինի: Խի՞ ամեն մարդ իրա ձեռը վերցնի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բացառված չի,քանի որ պատվիրատուները ազատութըան մեջ են:Եթե հիշենք,առաջ էր քաշվում հենց այդպիսի վարկած: