Նոր ծրագրի ներքո կվերակառուցվեն 170կմ համայնքային նշանակության ճանապարհներ
Վաշինգտոն, 31 հունվարի, 2013թ. – Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի (ԿՆՃԲԾ) ներքո Հայաստանին 45 մլն ԱՄՆ դոլար վարկի տրամադրումը: Ծրագիրը կաջակցի համայնքների հասանելիության բարելավման ուղղությամբ Հայաստանի կառավարության ընթացիկ աշխատանքներին՝ ապահովելով 170կմ կենսական նշանակության ավտոճանապարհների վերականգնումը, միևնույն ժամանակ աշխատատեղեր ստեղծելով հիմնականում գյուղական ազգաբնակչության համար: Ծրագիրը նաև կօգնի կենսական նշանակության ճանապարհային ցանցի կառավարման հարցում ՀՀ Կապի և տրանսպորտի նախարարության կարողությունների ամրապնդմանը:
Չնայած 2009թ.-ից ի վեր տեղ գտած տեսանելի դրական տեղաշարժերին՝ Հայաստանում կենսական նշանակության ճանապարհների մոտ 50 տոկոսը շարունակում է մնալ վատ վիճակում և դրանց վերականգնման ու պահպանության համար դեռևս ներդրումների կարիք է զգացվում: Կենսական նշանակության ավտոճանապարհների անբարեկարգ հատվածների հետևանքով աճում են տրանսպորտային ծախսերը և ավելի շատ ժամանակ է ծախսվում ճանապարհն անցնելու համար, ինչն էլ հանգեցնում է հիմնական շուկաների, օրինակ՝ գյուղատնտեսական շուկայի կամ հիմնական ծառայությունների, օրինակ՝ առողջապահական ու կրթական ծառայությունների հասանելիության սահմանափակումներին, բացասաբար անդրադառնալով երկրի մրցունակության վրա:
Բացի այդ, Հայաստանն ունի բարդ աշխարհագրական դիրք և եղանակային պայմաններ՝ լեռնային երկիր է, որին բնորոշ են ձմռան ընթացքում օդի խիստ ցածր ջերմաստիճանը, ձյան առատ տեղումները և հորդառատ անձրևները: Ահա այս բոլոր գործոնները միասին հանգեցնում են բարձր տրանսպորտային ծախսերի և ծախսատար են դարձնում ենթակառուցվածքների պահպանությունն ու զարգացումը:
Կարդացեք նաև
«Ինչպես ծրագրի սկզբում, այնպես էլ կենսական նշանակության ճանապարհների լրացուցիչ հատվածների վերականգնման ընթացքում գյուղական բնակավայրերում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և կբարելավվի հիմնական սոցիալական ծառայությունների հասանելիությունը, – ասաց Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հափին, – ծրագիրը նաև կբարելավի գյուղական համայնքների կապը շուկայի հետ և կհամալրի այն աշխատանքները, որոնք ուղղված են կարիքավոր համայնքների զարգացմանը և մրցունակության ամրապնդմանը»:
2009թ.-ին Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի մեկնարկից ի վեր նկատելի դրական տեղաշարժեր են արձանագրվել տեղերում աշխատատեղերի ստեղծման, և ճանապարհի վրա ծախսվող ժամանակի կրճատման առումով, որը միջին հաշվով կազմում է 40 տոկոս: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո վերակառուցվում է կենսական նշանակության ճանապարհային ցանցի շուրջ 11 տոկոսը: Ծրագիրն ի ցույց դրեց ճանապարհների կարևորությունը գյուղական բնակչության համար և նաև տնտեսական օգուտները, որոնք պայմանավորված են հասանելիության բարելավմամբ: Համաշխարհային բանկը ծրագրով հատկացրել է 101,6մլն ԱՄՆ դոլար; Արդյունքում բարեկարգվել են 433կմ կենսական նշանակության ճանապարհներ Հայաստանի մարզերում: Բացի այդ, տեղերում ստեղծվել են աշխատատեղեր ամսական ավելի քան 39.000 հոգու համար, ինչն օգնել է շինարարության ոլորտում զբաղվածություն ապահովելու հարցում այն ժամանակ, երբ տնտեսությունը հաղթահարում էր տնտեսական ճգնաժամի հետևանքները:
«Գյուղացիական տնտեսությունները ու փոքր բիզնեսի ներկայացուցիչները վերակառուցված ճանապարհների միջոցով կարողանում են իրենց ապրանքը շուկա հասցնել ավելի հեշտ ու ավելի էժան, – հավելեց Համաշխարհային բանկի ծրագրի մշակման թիմի ղեկավար Վիքրամ Քուտարին, – Շինարարական աշխատանքները կմեկնարկեն գարնանը: Ծրագիրը նաև կօժանդակի հանրային ներդրումների արդյունավետության բարելավմանն ուղղված կառավարության ջանքերին, մասնավորապես` առավել արդյունավետ պայմանագրերի ու Կապի և տրանսպորտի նախարարության կողմից ճանապարհային ցանցի կառավարումը բարելավելու միջոցով»:
Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ: Նախ այն կուղղվի տարբեր մարզերում 170 կմ կենսական նշանակության ճանապարհների վերականգնմանը: Նախատեսվում է վերակառուցել 73 կմ կենսական նշանակության ճանապարհներ իրականացման առաջին տարվա ընթացքում (յոթ տեղամասեր) Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Սյունիքի մարզերի 31 համայնքներում, ընդ որում այս ճանապարհները սպասարկում են շուրջ 70.000 հոգու: Կներդրվեն մի քանի նորարարական պայմանագրեր, մասնավորապես` ճանապարհի վերակառուցումն ու պահպանությունը մեկտեղելու, ինչպես նաև ընթացիկ պահպանության աշխատանքներում միկրոձեռնարկությունների ներգրավման վերաբերյալ: Հատկապես շեշտադրվում է ճանապարհների պահպանության համար միջոցների հատկացումը և ավելի շատ ճանապարհների ընթացիկ պահպանության աշխատանքների կանոնավոր ապահովումը, քանի որ դա պահպանության ամենաէժան ու ամենակարևոր տեսակն է:
Բացի այդ, տեխնիկական աջակցության բաղադրիչի ներքո կմեծացվեն կապի և տրանսպորտի նախարարության կարողությունները ճանապարհային ակտիվների տնօրինման, ճանապարհների անվտանգության, կատարողական գործունեության վրա հիմնված պայմանագրերի տեխնիկատնտեսական գնահատման, ճանապարհաշինության ոլորտի ֆինանսավորման պլանի մշակման և բարելավված ճանապարհահատվածների հետ կապված սոցիալական ցուցանիշների մշտադիտարկման հարցերի շուրջ:
Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի ներքո նաև կշարունակվի օժանդակությունը «Անվտանգ գյուղ» ծրագրին, որով ճանապարհային անվտանգության փոքր նախագծեր ու համայնքային իրազեկման աշխատանքներ կիրականացվեն: «Անվտանգ գյուղ» ծրագրի առաջին փորձավայր էր ընտրվել Գյուլագարակ համայնքը, որտեղ բնակավայրով անցնող երթևեկությունը կառավարելու համար համապատասխան անվտանգության միջոցներ են ձևավորվել, կառուցվել է հետիոտնային անցում և ուսուցողական ծրագիր է անցկացվել գյուղի դպրոցում: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրով «անվտանգ գյուղի» առնվազն չորս նախագիծ ևս կիրականացվի: Միաժամանակ հարկ է նշել, որ ճանապարհների վերակառուցումը կիրականացվի ճանապարհային անվտանգության միջոցների ապահովման ու նախագծման արդյունավետ ստանդարտների զուգակցմամբ:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի նպատակային ներդրումային վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով և ունեն 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան:
Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման ընկերակցությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.669.6 մլն ԱՄՆ դոլար:
Մամլո հաղորդագրություն