Այսօր «Դեբատ» ակումբում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում ունեցավ ֆեյսբուքյան օգտատերերի հետ ու պատասխանեց նրանց հարցերին:
Օգտատերերից մեկը հետաքրքրվեց, թե պարոն Հովհաննիսյանը արդյոք իր պահանջը Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածի վերաբերյալ արդեն ներկայացրե՞լ է կառավարությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ իր այսօրվա ելույթը հենց նման պահանջ է: Հարցերի շարան կա»: Նա դիմեց նախագահին՝ ասելով՝ կա՛մ լուծում ենք այդ հարցերը, կամ փետրվարի 18-ին կամ ավելի ուշ է դա լինում:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանը փոխանցեց, որ օգտատերերը հետաքրքրվում են, թե չի՞ պատրաստվում օգտվել թիկնապահների ծառայությունից՝ Պարույր Հայրիկյանի միջադեպից հետո: Նախագահի թեկնածուն նշեց, որ ժամանակին օգտվել է, եւ իր երկու թիկնապահներից մեկը հիմա գործող, մեկը նախկին նախագահի պաշտպանության ծառայության մեջ են. «Ընդունում եմ, որ պիտի քաղաքական գործիչն ունենա նվազագույն պաշտպանվածություն: Բայց ես կարծում եմ, որ գոնե իմ երկրում ես պաշտպանության կարիք չունեմ: Սա այն դեպքը չէ, որ ես կարող եմ թիկնապահների վարձակալմամբ՝ այդ հարցը լուծեմ: Ամեն ինչ մեր ձեռքում է՝ քաղաքացու ձեռքում է: Միգուցե պետք է լինել ավելի շրջահայաց: Ես չեմ պատրաստվում իմ կյանքի ձեւն ու բովանդակությունը փոխել: Կյանքս կշարունակեմ առանց թիկնապահների: Ով ուզում է՝ սա մարտահրավեր չէ, բայց մեր արժեքներին՝ Պարույր է անունը, թե ինչ՝ թող հանգիստ թողնեն: Ի՛նձ թող դիմեն: Ես իմ քայլերի մեջ ոչ մի բան չեմ փոխելու: Եթե ուզում են, թող շարունակեն, թող անեն»:
ԵՊՀ դասախոս Նունե Թովմասյանը հետաքրքրվեց, թե ֆեյսբուքի դերը ինչքան է գնահատում: Նա պատասխանեց, որ «ֆեյսբուքյան տարածքը մատնում է իմ անգրագիտությունը: Ես ֆեյսբուքում չեմ եղել: Ես պիտի մտնեմ ինքս, որովհետեւ ֆեյսբուքը միայն վիրտուալ տարածք չէ: Իմ մտածողությամբ, արդեն իրական կյանքն է արտացոլում: Ֆեյսբուքը ինքը ամբողջական դեղատոմս չէ եւ չի կարող լուծել մեր երկրի բոլոր հարցերը: Բայց ֆեյսբուքը ունի նաեւ հզոր հնարավորություն ինքնակազմակերպվելու: Ես վերջին 10 օրվա ընթացքում շատ բան եմ սովորել ֆեյսբուքից, սովորել եմ արդար քննադատություն»:
Կարդացեք նաև
Անի Քոչարը հետաքրքրվեց, թե հաշմանդամություն ունեցողների խնդիրներին ինչ լուծում է պատրաստվում տալ պարոն Հովհաննիսյանը. «Ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի երկրում կապրենք, եթե ընտրենք Ձեզ՝ որպես նախագահ»: Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց, որ հաշմանդամը միայն հատկանիշ է, որը բնավ չի նկարագրում այդ մարդու քաղաքացիական իրավունքը, նվիրումը, մասնագիտական հեռանկարը. «Մեր ցուցակում Արման Մուշեղյանը 10-րդ տեղն է: Բնավ կարեւոր չէ, թե այնտեղ Արման Մուշեղյանն է, թե մեկ ուրիշ անուն: Կարեւոր է, որ Հայաստանի Հանրապետությունը հավասար հնարավորություններ ստեղծի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ