Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրությունները խաղաղ էին ու կոռեկտ, զարմանալի է, որ նման դեպք արձանագրվեց»

Փետրվար 01,2013 13:13

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի քաղաքական գնահատականը` Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի շուրջ

Այսօր Aravot.am-ը ՕԵԿ գյումրեցի պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով ինչը՞ կարող էր դառնալ ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի պատճառ: Արդյոք Պարույր Հայրիկյանը Սերժ Սարգսյանի համար այդքան մեծ վտանգ ներկայացնող մրցակից էր, որ կարող էր նման բան տեղի ունենալ, թե՞ սա խուլիգանների ձեռքի գործն է, երկիրը վարկաբեկելու մի միջոց: «Գիտեք ինչ, նախ չէի ուզի հարցը սկսել Սերժ Սարգսյանից, որովհետև բոլորն էլ նախագահի թեկնածուներ են, և կարծում եմ, որ բոլորն էլ արժանի թեկնածուներ են, ովքեր իրենց տեսնում են մասնակցելու նախագահական ընտրություններին: Պարույր Հայրիկյանը ուղղակի համեմատաբար այն անծանոթ թեկնածուների, ովքեր չգրանցվեցին, կային մարդիկ, որոնք ժողովրդին անծանոթ էին քաղաքական դաշտում, ճանաչված, մեր անկախության մեջ լուրջ ներդրում ունեցած քաղաքական գործիչ է:

Իմ պատկերացմամբ, խաղաղ գնում էր ընտրությունը, առանց որևէ լարվածության քարոզարշավ էր: Եվ ինձ թվում էր, թե մենք պետք է ունենայինք աննախադեպ մի ընտրություն, որտեղ յուրաքանչյուր թեկնածու հնարավորություն կունենար իր խոսքը ասելու, իր քարոզարշավը կազմակերպելու առանց խոչընդոտի: Եվ ի վերջո՝ հնարավորություն կստեղծվեր թափանցիկ, արդար ընտրություններ կազմակերպել և անցկացնել, որը շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի ապագայի համար: Ցավ է, որ այսպիսի փաստ է գրանցվում հերթական անգամ մեր երկրում, երբ մահափորձ է կատարվում քաղաքական գործչի, առավել ևս նախագահի թեկնածուի նկատմամբ: Բարեբախտաբար Պարույր Հայրիկյանի կյանքին վտանգ չի սպառնում, Աստված տա շուտ, օր առաջ ապաքինվի: Ուղղակի գիտեք ի՞նչ, իմ կարծիքով, ոչ միայն պիտի դատապարտել այդ երևույթը, այլ հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, և պարտավոր են դա անել մեր իրավապահ մարմինները, շուտ բացահայտելու համար: Սա առաջին հերթին մեր հեղինակության հարցն է, երկրորդ` հետագայում մեր քաղաքական գործիչների անվտանգության հարցը: Եվ ընդհանուր առմամբ, մեր երկրի ապագայի հարցն է, որպեսզի բացահայտվեն և պատժվեն օրենքի ամենավերջին խստությամբ ոչ միայն մահափորձ իրականացնողները, այլ պատվիրատուները: Իսկ թվում է, որ սա կկանխի հետագայում նմանօրինակ դրսևորումները», – ասաց պատգամավորը:

Մենք նրանից նաև հետաքրքվեցիքն, թե արդյոք պրոֆեսիոնա՞լ է մահափորձ կատարողը, ով փորձել է մարդ սպանել կենտրոնական վայրում` ի տես բոլորի: «Ես չեմ ուզում ժամանակից շուտ գնահատական հնչեցնել, որովհետև կարծում եմ, որ հետաքննական մարմինները ամեն ինչ կանեն, որպեսզի բացահայտեն, պարզ դառնա որպես քաղաքական գործիչ սա անձի դե՞մ էր ուղղված, թե՞ քաղաքական պատվեր էր, թե…Ես տվեցի քաղաքական գնահատական, որ յուրաքանչյուր հանցագործություն պիտի բացահայտի, ինչպես ասում են` յուրաքանչյուր չբացահայտված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն: Կարծում եմ, սա ոչ միայն մարտահրավեր է մեր երկրի իշխանություններին, այլ մեր երկրի իրավապահ համակարգին, որպեսզի կարողանան օր առաջ բացահայտեն և պատժեն: Չեմ ուզում շտապել ու ասել, թե սրա տակ պատվեր կար, բայց հարցը տեղին սկսեցիք, թե խաղաղ էին ընտրությունները, թեկնածուները նույնիսկ հարգանքով էին վերաբերում միմյանց, դուրս չեն եկել կոռեկտության սահմաններից: Ուղղակի զարմանալի է, որ էսպիսի դեպք արձանագրվեց: Ինձ թվում է էստեղ երկու հարց է քննարկվի. հարց 1-ին` քաղաքական ենթատեքստ ունի՞ այս ամենը, թե՞ ուղղակի անձի հետ կապված ենթատեքստ ունի: Սովորաբար մահափորձ կատարվում է, եթե կա անձի նկատմամբ թշնամություն և եթե կա քաղաքականության հետ խնդիր: Չեմ ուզում գնահատական տալ, կարծում եմ, որ բոլոր հարցերի պատասխանը կտան իրավապահ մարմինները, ամեն ինչ կանեն բացահայտելու համար», -հույս հայտնեց ԱԺ պատգամավորը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728