Քիչ առաջ Հայրիկյանին այցելելու էին եկել ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը: Լրագրողների հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց. «Քիչ առաջ պարոն Հայրիկյանին վիրահատարանից տեղափոխեցին պալատ: Մենք բժշկից ճշտեցինք, որ վիրահատությունն անցել է հաջող, գնդակն ուսից հեռացվել է, հեմատոմաները մաքրել են: Թեեւ Հայրիկյանը նարկոզից դեռ դուրս չի եկել, բայց բժիշկները ինքնազգացողությունը գնահատում են նորմալ: Կարծում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում կգնա դեպի ապաքինման»:
Մահափորձի վարկածներից տիկին Զոհրաբյանը դժվարացավ խոսել. «Մենք երեկվանից քննարկում ենք եւ որեւէ տեսանելի վարկած, թե ինչու նման դեպք պետք է տեղի ունենար, մենք չենք տեսնում: Պետք է Հայրիկյանին ուղղակի մաղթենք արագ ապաքինում, արագ վերադարձ ընտրապայքար: Ես ինքս անձնապես իմ գործընկերների հետ էլ խոսում էի, որ իրական տեսանելի վարկած կատարվածին ուղղակիորեն հնարավոր չէ գտնել: Իրավապահ մարմինները խոստացել են շատ օպերատիվ պարզաբանումներ տալ, պարզել իրականությունը, հույս ունենանք, որ շատ կարճ ժամանակահատվածում մենք կստանանք իրապես բոլորին հուզող հարցերի պատասխանները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ News.am-ից