Ըստ նախկին քաղբանտարկյալի՝ եթե Հայրիկյանի դեմ մահափորձի հեղինակը չբացահայտվի` ոստիկանապետը պետք է հրաժարական տա
«Կարծում եմ, քաղաքական գործչի համար բարեբախտություն է, որ արյուն է թափում հանուն հայրենիքի, ժողովրդավարացման, լավ գաղափարների: Եթե անվանական կրակել են Հայրիկյանի վրա, այսինքն, ցանկացել են նրան սպանել. նա չի մահացել: Դա մեծ բարեբախտություն է»,- Aravot.am-ի հետ զրույցում նախորդ գիշերն ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի առիթով իր տպավորությունները կիսեց Հայրիկյանի վաղեմի ընկեր, նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը` վստահ, որ իր կյանքի թոհուբոհով անցած մարդն այս փորձությունն էլ կհաղթահարի:
Անկախ նրանից, թե ովքե՞ր են կանգնած այս ամենի ետեւում` ինչ-որ մի մոլագա՞ր, թե՞ կազմակերպված, հստակ արժեքներ կրող ինչ-որ մեկը, ամեն դեպքում ՀՀ նախագահի թեկնածուի վրա կրակելը Ազատ Արշակյանը եւս որակում է կրակոց` ուղղված Հայաստանի Հանրապետությանը, Հայաստան պետությանը. «Հայաստան պետությունը բոլորս ենք: Մեզ վրա կրակել են, բարեբախտաբար, մահացու չէ»:
Մեր զրուցակիցը հիշում է անցյալ շաբաթ Էջմիածին քաղաքում քարոզարշավի ժամանակ Հայրիկյանի արած մի հայտարարություն, որում ասում էր`կգնամ Էջմիածնում եւ նախավերջին մոմը կվառեմ ու հավելում. «Այս պարագայում, ես կարծում եմ, Հայրիկյանը մինչեւ նախավերջին արյան կաթիլը, ծառայում է իր գաղափարներին, ժողովրդավարությանն, ազատությանը»:
Հայրիկյանի քարոզչությունն իբրեւ նախագահի թեկնածուի, Ազատ Արշակյանը որակում է պետականաշեն, ինչը համարում է ծառայություն Հայրենիքին:
Aravot.am-ի հարցին` չե՞ք կարծում, որ ով էլ լինի այս ամենի ետեւում կանգնած, սա կրակոց էր, որը նաեւ ուղիղ ուղղված է ՀՀ իշխանությանը եւ իշխանության թեկնածու Սերժ Սարգսյանին, որովհետեւ ամենաշատը հիմա հենց իշխանությանն ու Սերժ Սարգսյանին ձեռնտու չէր այս իրավիճակը, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Այո, բացի անձ Պարույր Հայրիկյանից, որին փորձել են սպանել, հաջորդ հարվածը ստացել է իշխանությունը: Ես համաձայն եմ հարցադրման հետ»:
Ազատ Արշակյանն այս ամենի արդյունքում ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ լրջորեն պետք է մտածել ՀՀ-ի համար ծառայության ներկայացված անձանց անվտանգության մասին` անկախ նրանց ուզենալ-չուզենալուց: Ու այս իմաստով, մեր զրուցակիցն այս միջադեպը նաեւ բացթողում է որակում:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` ՀՀ նախագահի թեկնածուներին անվտանգության աշխատակիցներ տրամադրելու առաջարկով հանդես եկել էր, սակայն, շատերը հրաժարվել էին:
Aravot.am-ի հաջորդ հարցին` չե՞ք կարծում, որ այս գործի բացահայտումը պետք է Սերժ Սարգսյանի անձնական վերահսկողության տակ լինի, քանի որ ամեն ինչին զուգահեռ նաեւ իր պատվի հարցն է, Ազատ Արշակյանն այսպես արձագանքեց. «Անպայման: Դա պատվի հարց է եւ պատկան մարմինները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բացահայտվի: Եթե իրավասու չեն` համապատասխան կադրային քաղաքականություն պետք է տարվի: Պետք է այդ համակարգում մարդիկ աշխատեն, ովքեր կարողանում են կանխել նման բաները կամ եթե արդեն կատարված փաստի առջեւ ենք` բացահայտել: Կարծում եմ, որ առաջին կառավարությունում սա Սերժ Սարգսյանի համար դառնալու է խնդիր: Որ այլեւս այնպես չլինի, որ նախագահի թեկնածուին իր տան մոտ գնդակահարեն: Պետք է բժիշկը, ոստիկանը, անվտանգության աշխատողը լավը լինեն, դա իրենց գործն է: Կասեք` Քենեդուն էլ խփեցին: Այո, բայց Հայաստանում պիտի չխփեն»:
Եթե այս գործը եւս արժանանա համանման այլ գործերի ճակատագրին` չբացահայտվի, Ազատ Արշակյանի կարծիքով, գոնե առաջիկայի համար պետք է դաս լինի, որ Հայաստանում ոչ ոք կրակելու, մարդ սպանելու իրավունք չունի: Դա պետք է լոզունգ, արժեքային համակարգ դառնա մեզ համար:
Նաեւ հիշեցնում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդասպանությունն ընդհանրապես արգելված է: Մեր դատարաններն, ամենածանր հանցագործության համար, մարդկանց մահվան չեն դատապարտում: Ցմահ ազատազրկումն է ամենամեծ պատիժը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ