Հատվածներ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հարցազրույցից:
– Նախընտրական պայքարի խաղաղությունն ինչպե՞ս եք գնահատում։
– Մեր հասարակության գնահատականները երբեմն անհասկանալի են. երբ նախկինում երկրում ընտրությունների օրերին մեծ աժիոտաժ էր, քաոսային իրավիճակ, որտեղ ասելիքն ու անելիքը չէին հասկացվում՝ վատ էր, երբ գործընթացները հանդարտ են, ամեն ինչ իրավական դաշտում է, պարզվում է՝ վերստին հոժար չենք։ Դժվար է հայ մարդուն գոհացնելը։ Բազմիցս նախընտրական շրջաններում կամ ընտրության օրերին եվրոպական երկրներում լինելով՝ տեսել ենք, որ երկիրը գնում է ընտրության կամ ընտրում է, ու ամեն ինչ շատ հանգիստ է, առօրեական, առանց անկանխատեսելի իրավիճակների, խուճապային անցուդարձի, շատերս ենք մտածել՝ լավ կլիներ, որ մեզ մոտ էլ այդպես լիներ։ Ու հիմա, երբ կամաց-կամաց, դանդաղ քայլերով հասնում ենք այդ իրավիճակին, երբ ընտրությունը դադարում է աժիոտաժ լինելուց, խառնաշփոթ չկա, կյանքի ու մահվան պայքար չկա, վա՞տ է։ Այս իրավիճակին հասնելու ջանքեր են գործադրվել, բազմակողմանի աշխատանք է կատարվել, քաղաքական կամք է ցուցաբերվել, ու այդ աշխատանքը շարունակվում է։ Մենք բազմիցս ասել ենք, որ գնում ենք օրինավոր, օրինական, օրինակելի ընտրության։
– Հետընտրական զարգացումնե՞րը ևս կանխատեսելի եք համարում։
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ է հետընտրական զարգացումների թեման այդքան օրակարգային դարձել։ Փաստորեն՝ այս փուլում թեմա չկա, չի մնացել, չենք ստեղծում: Նախընտրական քարոզչությունն անցնում է օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան, ուրեմն դառնանք ու «նոր գույժե՞ր» գուժենք։
– Որովհետև բոլորս անցել ենք մարտի 1-ի իրադարձությունների միջով։
– Ընդունում եմ, որ աչքներս վախեցած է, բայց նաև քննադատության հասցեներն են պակասել՝ ընդդիմադիր կամ ըմբոստ հայացքը շատ կանգառներ չի գտնում։ Իշխանությունը կարողացել է ընտրությունների հասնել՝ ունենալով բազում կռվաններ, տիրապետում է իրավիճակին, նախընտրական շրջանն անցնում է հանգիստ ու հանդարտ, ուրեմն՝ քննադատելու ցանկությամբ տառապողներին մնում է մտածել հետընտրական շրջանի մասին։ Իսկ հետընտրական շրջանի բովանդակությունը պայմանավորված է լինելու ընտրական շրջանով, ընտրությունների օրով և իրադարձությունների օրինականության աստիճանով։ Մենք շատ լավ գիտենք, թե մարտի 1-ը ինչ ներգործություն ունեցավ հասարակության վրա, ինչ բեռ էր երկրի վրա, ինչ գնահատական ստացավ երկրից դուրս, և ամեն ինչ պիտի անենք, որ հետընտրական նման զարգացումները բացառվեն։ Ինչքան բարձր է ընտրությունների օրինականության աստիճանը, այնքան քիչ է դժգոհությունների ու անակնկալ զարգացումների հավանականությունը։ Իհարկե, կլինեն դժգոհներ, ինչը բնական է, կլինեն մարդիկ, որ ավելի շատ թերություններ կտեսնեն, քան ձեռքբերումներ, իսկ եթե չտեսնեն, կհնարեն ու կսկսեն հնարավոր բոլոր ամբիոններից բարձրաձայնել, ինչը բնական չէ, բայց կա։ Ես կարծում եմ՝ դա ևս պետք է դիտարկել գործին օգուտ տալու տեսակետից, մտածելով՝ ինչպես հաջորդ փուլում այդ թերություններն էլ վերացնել։
– Այս ընտրություններում կարևորվում է, թե ով է լինելու երկրորդը, թեպետ նախագահական ընտրության դեպքում դա աբսուրդ է, ինչո՞ւ։
– Այս ընտրություններում երկրորդ չի լինելու, առաջինից հետո լինելու է չորրորդ, հինգերորդ, վեցերորդ…
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»