Այսօր «Ելակետ» ակումբում ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, անդրադառնալով Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին, ասաց. «Այցելել եմ նրան: Վիճակը նորմալ էր: Որոշ մանրամասներ պատմեց, պալատում էին նաեւ կինը եւ աղջիկը: Այս պահին վիրահատվում է, կարեւորը առողջությունն է: Իսկ ինչ վերաբերում է, թե ովքեր են կանգնած մահափորձի հետեւում, չգիտեմ, բայց իրականում, թե ում էր ձեռնտու, կամ ով է օգուտներ քաղել այս մահափորձից, ավելի լավ է սպասել, որովհետեւ եթե սա նորից պետք է մնա չբացահայտված՝ լավ չէ: Ժամանակը ցույց կտա, ես էլ իմ տեսակետն ունեմ, բայց լավ կլինի մի քիչ սպասել: Բայց մի բան հաստատ է` ամեն ինչ միարժեք չի»:
Հարությունյանը նաեւ նշեց, որ Հայրիկյանը, որն իր որդու քավորն է, փորձել է դիմադրություն ցույց տալ, եւ իր հետ զրույցում ասել է, որ եթե իր մոտ էլ զենք լիներ, հնարավոր էր՝ ամեն ինչ ավելի վատ ավարտվեր:
Հարությունյանի խոսքով` ֆորմալ առումով արդեն խոչընդոտներ կան նախագահի թեկնածուի համար: Կատարվածը իրավիճակ փոխեց. «Դեպքից շատերը կարող են օգտվել, բայց չեմ ուզենա անել այնպիսի վերլուծություն, որը կարող է իմ քաղաքական հոտառությունը թույլ տա մտածել, բայց այս պահին հետաքննություն է գնում, այդ պատճառով էլ ոչինչ չեմ ուզում ասել»:
Հարությունյանը կարծում է` Հայրիկյանը ամենաընդդիմադիր թեկնածուն չէ, բայց սա հաստատ այն դեպքը չէ, ու մեկ հոգու մտքով չի անցել, որ գա լավ չկրակի ու գնա. «Սա լուրջ հաշվարկված քայլ է, ինչ որ կենտրոնի կողմից»,- նշեց բանախոսը՝ հավաստիացնելով, թե Հայաստանում իրավիճակը շատ տխուր է, թեկնածուները լավ վիճակում չեն, հետեւաբար՝ ինքը հետ չի կանգնի իր թեկնածությունը հանելու գաղափարից: Հարությունյանը հորդորեց մյուս թեկնածուներին եւս հետեւել իր օրինակին, հանել թեկնածությունները:
Կարդացեք նաև
«Վիճակն այնպիսին է, որ պետք է ավելի խորը նայել, սա մի քայլանոց բան չէ, որովհետեւ քաղաքականության մեջ մեկ քայլանոց բաներ չեն լինում»,-ասաց թեկնածուն:
Aravot.am-ի հարցին` դուք միշտ ասում էիք, թե ում անունը տալիս եմ՝ պրոբլեմներ է ունենում, արդյոք սա այդ դեպքն է, Հարությունյանը պատասխանեց. «Ես քննադատաբար եմ մոտեցել իրեն, բայց ոչ այդ համատեքստում: Ես միշտ ասել եմ, ով ինձ օգնել է՝ նա պրոբլեմներ կունենա, եթե իր անունը տամ: Եվ այս առումով՝ այնպես չի, որ ես Հայրիկյանի անունը տվեցի, նա պրոբլեմ ունեցավ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ