Լրահոս
Օրվա լրահոսը

Հաղթանակ Շահումյան. Հայը հային չպետք է սպանի

Փետրվար 01,2013 12:29

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը (Հաղթո) Aravot.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առիթով:

«Բոլորիս համար՝ լինի մշակույթի մարդ լինի, թե սովորական քաղաքացի, տհաճ է այդ երեւոույթը, մենք նման դժբախտություններ արդեն տեսել էինք մեր Ազգային ժողովում, ուրիշ առիթներով…Թվում էր, թե արդեն էդ բոլորը անցյալում են, եւ քաղաքակիրթ կյանք ենք մտնում, ընտրություններն էլ խաղաղ ընթացք ունեն ու մեկ էլ հանկարծ նման բան…Ես ուրախ եմ, որ Պարույր Հայրիկյանի հետ ոչինչ չի եղել, ինձ համար մի բան է անհասկանալի՝ ո՞ւմ է հարկավոր, ինչո՞ւ է արվել, ախր մեր երկրի վարկն է գցում: Դա ցանկացած հայ մարդու դեմ է, ամենահետին հայ մարդու հանդեպ կատարվող նման դեպքերը զազրելի են, հայը հային չպիտի սպանի, կան հազար տեսակ քաղաքակիրթ ձեւեր՝ հարաբերություններ պարզելու համար: Էլ չեմ խոսում այս աստիճանի մարդու մասին, որը նախագահի թեկնածու է: Կատարվածը լուրջ մտածելու տեղիք է տալիս մեր պետական եւ իրավապահ մարմիններին ու իշխանություններին: Կցանկանամ առողջություն Հայրիկյանին, որն այսօր հիվադ վիճակում է: Ես նրա քաղաքական երկրպագուն չեմ, բայց հայ մարդ է, քաղաքական կյանքի մեջ որոշակի դեր է կատարել»,- նշեց արվեստագետը:

Հետաքրքրվեցինք ծանոթացե՞լ էր ՀՀ նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին՝ մշակութային մասին, եթե իհարկե կան այդպիսի բաժիններ:

«Մենք նման ծրագրեր շատ ենք տեսել, ու կարիքը չկա, որ նորից տեսնենք: Թեկնածուի խոսքի արտահայտման իրենց ձեւից եւ մտածողությունից կարելի է եզրակացություն անել, թե ով է ազնիվ եւ ով է կեղծում: Փոքր փորձ ունեցող մարդն էլ դա կզգա խոսող անհատների ելույթներից: Ես շատ կուզենայի, որ դեբատներ լինեին, այն, ինչը մեզ մոտ բացակայում է: Թեկնածուները բանավիճեին միմյանց հետո, ժողովուրդը լսեր, կեղծն ու շիտակն անմիջապես երեւար: Երբ մարդիկ չեն հարաբերվում, չեն խոսում, ծրագիր-մրագիրը դատարկ բաներ են թվում: Ես ծրագրերին չեմ հավատում, հավատում եմ մարդկանց, որովհետեւ մեր երկիրը դեռ քաղաքակիրթ կյանքով չի ապրում, որ ծրագրերը լուրջ լինեն, դրանք կատարողը պատասխանատվության զգացում ունենար, չկատարողը՝ պատասխանատվության ենթարկվեր… Ամեն դեպքում, կուզենամ նորմալ մարդ ընտրվի նախագահ, որ երկիրը երկիր դառնա: Բոլորս էլ գիտենք մեր երկրի թույլ տեղերը: Աստված տա, էդ ամենը շտկվի… »:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728