Այս պահին Պարույր Հայրիկյանի վիրահատությունն ավարտվել է, բայց բժիշկները մանրամասներ չեն հաղորդում: Այստեղ է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որը լրագրողների հետ զրույցում Հայրիկյանի դեմ ուղղված մահափորձը համարեց սադրանք: Հարցին՝ ում է ձեռնտու սադրելը, ասաց. «Չեմ կարող ասել: Համաձայնեք, որ ցանկացած տարբերակ չի կարելի բացառել: Բայց թե ում է ձեռնտու՝ կդժվարանամ ասել: Իսկ ինչու չէ՝ նաեւ արտաքին ուժեր: Ամեն ինչ հնարավոր է: Ես հեռու եմ այն կարծիքից, որ այս պահին այս հարցին հնարավոր է միանշանակ պատասխան տալ: Բայց ակնհայտ է, որ սա սադրանք էր պետականությանը եւ ժողովրդավարությանը»:
Պարոն Հարությունյանը մահափորձի նպատակը բացատրեց ստեղծված քաղաքական իրավիճակով: «Մեր քաղաքական իրականության մեջ առաջին անգամ ականատես ենք լինում մի մրցապայքարի, որտեղ բոլորը ինչ-որ մեկի դեմ չեն պայքարում՝ մեկին համարելով սեփական, հիմնական մրցակից: Այդուհանդերձ, յուրաքանչյուրը հանրությանը ներկայացնում էր հանրային կյանքի կազմակերպման իր տեսլականը, դրանով փորձելով հանրությանը ներգրավել եւ մնացածից տարբերվել: Այդ հանդուրժողական մթնոլորտը հավանաբար ոմանց ձեռք չէր տալիս: Առաջին անգամ ընտրությունների ընթացքում մեր հանրությունը երկփեղկված չէ, մագնիսացաված չէ: Եթե մտովի տեղափոխվենք 2008 կամ այլ ընտրությւոններ, ապա կնկատենք, որ ընկերներ են իրարից խորթացել: Այդ միջավայրը չկար: Այս ամենը, ինչ տեսնում ենք, ենթադրում է, որ ինչ-որ մեկին կամ ոմանց դուր չէր գալիս»:
Հարցին՝ ինչո՞ւ հենց Հայրիկյանը մահափորձի թիրախ դարձավ, պարոն Հարությունյանը պատասխանեց. «Միգուցե որ նա իր անցած ուղով անկախության զինվորն էր: Դրանով փորձ են անում հարվածել նույն անկախության գաղափարին, որ անկախ Հայաստանը կենսունակ չէ: Չի բացառվում , որ հենց իր անձին էր ուղղված: Գուցե անձնական խնդիր լինի, բայց մեծ իմաստով, ինչպիսի շարժառիթ էլ լինի, արդյունքը հարված էր ժողովրդավարությանն ու պետականությանը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ