Մաշտոցի և այլ այգիներում հիմնական կառույցներ չպետք է լինեն
Նշելով, որ չնայած հանրային տարածքի համար վերջին տարիների քաղաքացիական
պայքարին` Երևանի քաղաքապետարանը դասեր չի քաղել և չի կարողանում որոշում
ընդունել Երևանի այգիների կառուցապատումները կանգնեցնելու համար:
Այսպես 2013թ. հունվարի 25-ին էկոլոգիական հանձնաժողովի նիստին են
ներկայացվել Մալիբու սրճարանի և Արաբկիրի Պրագայի այգու վերակառուցման
նախագծերը, որոնք ոչ այլ ինչ են, քան այգում հիմնական շինություններ:
Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնությունը կրկին շեշտում է, որ
կտրականապես դեմ է այս և որևէ այլ նախագծի, որը առանձին անհատների
շահերին կծառայեցնի հանրային տարածքները: Բոլոր տգեղ և կրպակատիպ
կառույցները պետք է քայլ առ քայլ դուրս բերվեն այգիներից, այլ ոչ թե
օրինականացվեն: Որևէ սեփականատերի շահ չի կարող բարձր լինել, քան
հանրության շահը:
Կարդացեք նաև
Երևանի ավագանին և քաղաքապետը պետք է իրենց մեջ վերջապես ուժ գտնեն
սկզբունքային որոշում կայացնելու Երևանի հանրային այգիների
անձեռնմխելիության մասին: Այդ բոլոր քայլերը բացասաբար են ազդում առանց
այդ էլ անկում ապրող Երևանի քաղաքակրթական մակարդակի վրա:
Նշենք նաև, որ էկոլոգիական հանձնաժողովը մինչև օրս քննարկել է տասնյակ
ահազանգերի, Նորքի անտառների մասին և այլ հրատապ խնդիրներ, սակայն այդ
քննարկումները գրեթե անհետևանք են մնում Երևանի քաղաքապետարանի,
վարչությունների և պատասխանատուների համար: Նման պայմաններում
էկոլոգիական հանձնաժողովի աշխատանքը դառնում է ոչ համարժեք և ծառայում է
որպես շղարշ նախկին գործելաոճը շարունակելու համար:
Ելնելով վերոշարադրյալից հայտարարում ենք, որ կտրականապես դեմ ենք նման
որևէ կառուցապատման հանրային այգիներում և պատրաստ ենք օգտագործել
քաղաքացիական պայքարի բոլոր միջոցները հանրային այգիները մասնավորի
միջամտությունից զերծ պահելու համար:
Մենք ենք այս քաղաքի տերը
քաղաքացիական նախաձեռնություն