Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն կա՛ Աստված վերեւում

Փետրվար 01,2013 11:59

Երեկ հեչ չթողեցին քարոզարշավը վայելեմ։

 Առաջին հոլովակը դեռ նոր էր սկսվել, Արամ Հարությունյանը դեռ նոր էր իրեն հատուկ հնչերանգով արտասանել «Սերժ Սարգսյան» անունը եւ պատրաստվում էր հերթական կոչը հղելու, դուռը ծեծեցին։ Բացեցի, երկու՝ վերացած դեմքով տիկնայք, ժպտալլուկ հետաքրքրվեցին՝ հավատո՞ւմ եմ արդյոք, որ վերեւում Աստված կա։ Անմիջապես չկողմնորոշվեցի՝ Եհովայի վկանե՞ր են, թե՞ թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզչականից, բայց հետո հիշեցի, որ ինքը խոստացել էր, որ ժողովրդի հետ հանդիպում չի փնտրելու, իրեն առանց դրա էլ 81%-ը ընտրելու են։ Կոպիտ ասացի՝ «Հլը դեռ՝ չէ» ու, դուռը աղմուկով փակելով, շտապեցի էկրանի մոտ։

Այստեղ զարմանքով պարզեցի, որ արդեն կա՛ վերեւում Աստված, ու դրա վկայությունն էլ արդեն էկրաններին է ու էդ թափանցող հայացքից փրկություն չկա՜։

Այս անգամ Սերժ Սարգսյանի հոլովակը ճիշտ ժամանակին վրա հասավ (ինչպես Մովսեսը՝ Կարմիր ծովի միջից) ու փրկեց ինձ հոգեկան տվայտանքներից։ Պարզվեց, որ «համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը ծանր հարված հասցրեց Հայաստանի տնտեսությանը» նրանով, որ պղնձի գինը միջազգային շուկայում շեշտակի ընկավ, ընկան նաեւ մոլիբդենի, ցինկի եւ այլ մետաղների գները։ Դեռ նոր էինք տնեցիքով սկսել վիճել այն հարցի շուրջ՝ կարելի՞ է արդյոք համարել, որ տնտեսություն ունի այն երկիրը, որի ողջ տնտեսությունը օգտակար հանածոների ու մետաղների մսխումն է, երբ դուռը նորից ծեծեցին։ Տիկինը, որն այս անգամ կանգնած էր դռների առաջ, խնդրեց, որ թույլ տամ ինձ անհանգստացնի, բայց ես անմիջապես հայտարարեցի, որ դրանից ո՛չ ինձ օգուտ կլինի, ո՛չ՝ իրեն, ես Սերժ Սարգսյանին, միեւնույն է, չեմ ընտրելու։ Ինքը ներողություն խնդրեց եւ ուղղակի առաջարկեց նայել, թե ցուցակում կա՞ն մեր տան ընտրողների անունները։ Նայեցի՝ կային։ Հարցրեց՝ գնալո՞ւ ենք ընտրությունների։ Ասացի՝ անպայման։ Անունների մոտ մատիտով ավելացրեց՝ ընտրում են, մի հատ էլ ներողություն խնդրեց ու գնաց։

Եկա սենյակ, սկսեցինք քննարկել այն հարցը, թե եթե այսքան տարի իշխանությունները համառորեն պայքարում են ընդդիմության այն առաջարկի դեմ, որ ընտրություններից հետո հրապարակվի ընտրողների ստորագրված ցուցակները, պնդում են, որ այդպիսով կխախտվի ընտրությունների գաղտնիությունը։ Իհարկե, գաղտնին այն չէ, թե դու մասնակցե՞լ ես ընտրություններին, թե՞ ոչ, ի վերջո ցանկացածին կարելի է տեսնել ընտրության գնալիս, գաղտնիություն պետք է պահպանել այն հարցում, թե դու ում ես ընտրել։ Թե ինչու են իշխանությունները ընդդիմանում ցուցակները հրապարակելուն, երեխային էլ պարզ է. չէ՞ որ այդ դեպքում հանկարծ կպարզվի, որ 10 տարի Հայաստան ոտք չդրածն ու 3 տարի առաջ մահկանացուն կնքածն էլ այս ընտրություններում բարեհաջող քվեարկել են՝ հավատալով, որ արդար է։ Բայց հարցն այստեղ այլ է. ենթադրենք, իրոք ցուցակները հրապարակելը գաղտնիության խախտում է, այդ դեպքում ինչո՞ւ են իրենք իրենց շտաբների աշխատակիցներին պարտադրում տնետուն ընկած գրանցել, թե ով կգնա, ով չի գնա իր քաղաքացիական պարտքը կատարելու։ Հնարավո՞ր է՝ այդպես նրանք ուզում են ճշտել՝ գնալու եմ, թե չէ, որ իմ ձայնն էլ օգտագործեն, հարցրեցի ինքս ինձ։ Դուռը էլի ծեծեցին, դռան առաջ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզչաթերթիկն էր, վրան մեծ-մեծ տառերով գրված էր՝ «Հնարավոր է»…

Ռ. ԱԶԻԶՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728