Այսօր «Ուրբաթ» մամուլի ակումբում Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը, բնապահպան, Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսիսյանը, դիրիժոր, Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանը պետք է խոսեին «Արցախյան շարժման 25-ամյակը. Քաղաքական սերնդափոխության հրամայական» թեմայով, սակայն Գարեգին Չուգասզյանը հայտնեց, որ հաշվի առնելով գիշերը
Պարույր Հայրիկյանի հետ պատահածը, իրավիճակը կտրուկ փոխվում է, եւ թեմայի մասին առայժմ հայտարարություն չեն անի:
«Պատահածի վերաբերյալ վաղ է եզրակացություններ անել, եւ միայն դեպքերի հետագա զարգացումները թույլ կտան ի հայտ բերել այն ուժերին, որոնք կանգնած են այս հանցագործության ետեւում: Մի բան հստակ է, որ Պարույր Հայրիկյանն անկախության խորհրդանիշն էր, եւ նրա վրա կրակելով` կրակում են Հայաստանի անկախության եւ հայաստանակենտրոն ուժերի վրա»,-ասաց Գարեգին Չուգասզյանը:
Նրա խոսքով. «Դեպքերի հետագա զարգացումը նաեւ ցույց կտա, թե որ ուժն ինչ նպատակով էր Հայրիկյանի հանդեպ նման քայլի գնում: Եթե դա արվում էր «վհուկների որս» սկսելու նպատակով, մենք կմեկնաբանենք դա յուրահատուկ ձեւով»: Պարոն Չուգասզյանը չկիսեց այն կարծիքը, թե կատարվածը մահափորձի իմիտացիա էր:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ