Այսօր «Վարկած» ակումբում «Ժառանգություն» խմբակցության նախկին քարտուղար. ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքին, ասաց, որ դատապարտում է արարքը, համարելով կատարվածը մեր կյանքի սեւ էջերից մեկը «Բոլորն էլ նկատում են, որ այս ընտրարշավը տարբերվում է մյուսներից: Տարբերությունները չեն խոսում նվաճումների մասին: Պետք է համարենք, որ այս ընտրություններով փակվում է փակագիծը սեւ տեխնոլոգիաների, որոնք կիրառվում են վաղուց: Այս ընտրություններով պետք է վերջ դրվի այդ ամենին եւ առաջ բերվի նոր տեխնոլոգիաներ, քանի որ քաղաքացիական հասարակության հասունացումը պետք է բերի նոր մթնոլորտ: Իսկ այն, ինչը այսօր տիրում է մեր հանրապետությունում՝ դա մեր քաղաքական դաշտի հետընթացի եզրափակիչ փուլն է»:
Իսկ թե ում էր ձեռնտու Հայրիկյանի մահափորձը, Ալավերդյանը նշեց. «Հասկանալի է, որ առաջինը պետք է բացառել իշխանություններին, սա նրանց համար վատ է եւ ձեռնտու չէ: Սա խառնակչություն է, որի մեջ շահագրգռված են մութ ուժեր: Սա երկրի դեմ արված քայլ է: Սա մարտի մեկ չէ, ես հուսով եմ, որ կգտնեն այս ամենի հեղինակին»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ