Հատվածներ ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հարցազրույցից:
– Պարոն Հայրիկյան, նախընտրական քարոզարշավը վաղուց մեկնարկել է, Դուք գո՞հ եք ընթացքից։
– Դեռ ընթացքի մեջ է, դեռ վաղ է խոսել ինչ-որ արդյունքների մասին։
– Իսկ ինչ–որ խոչընդոտների հանդիպե՞լ եք այս ժամանակահատվածում։
Կարդացեք նաև
– Չէ, այդպես լուրջ բան չի եղել, մանր¬մունր գյադայություններ են ընդամենը, բայց որեւէ լուրջ բան չի եղել։
– Ի՞նչ է նշանակում «գյադայություններ», մի քանի խոսքով ասեք, թե ինչպես են խոչընդոտել Ձեր քարոզչությունը։
– Չէ՛, արդեն ասացի, որ մանր-մունր բաներ են, այնքան աննշան բաներ են, որ դրանց անդրադառնալ պետք չէ:
– Տեղեկություններ կան, որ նախագահական ընտրություններին մասնակցելու համար պահանջվող 8 միլիոն դրամ գրավն օգնել են վճարել Ձեր երբեմնի պայքարող ընկերները՝ Հանրապետական կուսակցության անդամները։
– Անո՛ւն ասեք, ո՞վ է ասել, մի հատ էլ իրենից հարցնենք, տեսնենք՝ իրեն ով է ասել։ Բամբասանքներով ես չեմ զբաղվում, այդ տեսակ բաներն անիմաստ է մեկնաբանել։ Չեն ուզում հասկանալ, որ ազգային ազատագրական պայքարի առաջնորդին գնահատողներ կան, բոլորը չեն սակավամիտ, բոլորը երախտամոռ ու անաղուհաց չեն։ Կան նաեւ առողջ մարդիկ։ Ու իրենք ասում են, որ իրենք պարտավոր են ինձ աջակցել։ Հանրապետականն ու «Դաշնակցություն»-ը մեր զավակ կուսակցություններն են։ ԱԻՄ-ը նրանց կայացման գործում մեծ ներդրում ունի։ Օրինակ՝ վատ չէր լինի Ձեր ասածի նման, որ այդ կուսակցություններն իսկապես ասեին, որ մենք մեր մայր կուսակցությանը եւ նրա առաջնորդին ուզում ենք օժանդակել։ Բայց այդ բամբասողները չեն ֆայմել նրանց ասել։ Եթե նման բան լիներ, կարող էի գոհունակությամբ ասել՝այո՛, նրանք ինձ գումար են տվել, որ ես նրանց տապալեմ՝ իրենց իշխանությունը։ Բայց նման բան չկա։
– Լավ, իսկ ինչ տվեց եռօրյա Ձեր հացադուլը, ի՞նչ կարողացաք փոխել դրանով։
– Եթե պետք է տար ավելին, քան ես էի ցանկանում, չգիտեմ։ Բայց կարեւորն այն էր, որ Անդրիաս Ղուկասյանն իմանար՝ բարձրացրած հարցի ելակետային մասն իսկապես կարեւոր է։ Ես կարեւոր եմ համարում, որ այդպիսի հարց բարձրացնող մարդուն իմ աջակցությունը պատշաճ կերպով հայտնել եմ։ Ես նաեւ դրանով ցույց տվեցի, որ քաղաքական ցույցերն ունենում են սկիզբ եւ ավարտ։ Ես նկատեցի, որ Անդրիասն ուզում է մինչեւ վերջ պահել հացադուլը, բայց դա արդեն այլ հարց է։ Ես ասել եմ, որ պայքարը պետք է շարունակել, ու պետք չէ սպանել մեզ:
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Ժողովուրդ»