Այս պահին նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վիրահատարանում է: Այս մասին լրագրողներին ասաց Հայրիկյանին այցելության եկած «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա պատմեց, որ այսօր իրեն չի հաջողվել տեսնել Հայրիկյանին եւ հավելեց. «Սա հարված է ոչ թե իշխանությունների դեմ, այլ հայ ժողովրդի եւ մի անգամ դե յուրե նախագահ ունենալու դեմ: Ինչքան շուտ նա վերադառնա իր գործառույթին, այնքան շուտ Հայաստանը երկիր կդառնա»:
Aravot.am-ի հարցին՝ արդյոք Հայրիկյանի հետ տեղի ունեցած դեպքը հանրապետականների նշած ապահով Հայաստանի ապացո՞ւյցն է, պարոն Հովհաննիսյանն ասաց. «Ճիշտ հակառակը, թույլ, վախկոտ, անիրավ Հայաստանի ապացույցն է»:
Պարոն Հայրիկյանին այսօր վաղ առավոտյան այցելել են նաեւ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
ԱԺ նախագահը լրագրողների հետ զրույցում ասաց. «Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ այս հանցագործությունն ուղղված էր մեր պետականության դեմ: Համոզված եմ, որ իրավապահ մարմինները փորձելու են ամեն ինչ անել, որ բացահայտեն»:
Կարդացեք նաև
Նախագահի մյուս թեկնածուների անվտանգության երաշխիքն ապահովելու առումով էլ պարոն Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը դեռ երեկ է քննարկվել եւ պատկան մարմինները համապատասխան որոշում կկայացնեն:
Քիչ առաջ Հայրիկյանին այցելելու էր եկել նաեւ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Սա դեմ էր մեր ամբողջ ժողովրդին, մեզ բոլորիս: Այս կապակցությամբ մենք բոլորս տուժողներ ենք համարվում այս պահին: Եթե այս գիտակցությամբ շարժվենք, կարծում եմ, որ բացահայտումը ավելի շուտ կլինի: Սրանք քաղաքական գործընթացներ են եւ բնութագիրն էլ քաղաքական է: Բոլորս ենք ցավում, առավել եւս, որ բոլորս հանդիսանում ենք տուժող կողմ»,- ասաց պարոն Սահակյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Հայրիկեան Նախագահ» ֆեյսբուքյան էջից