Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից հեռու՝ ապահով

Փետրվար 01,2013 11:06

Վերջին շրջանում Սերժ Սարգսյանը հասցրել է մի քանի անգամ անդրադառնալ արտագաղթի թեմային։ Եթե ավելի ճիշտ ձեւակերպելու լինենք, ապա Սերժ Սարգսյանը հոխորտացել է բոլոր այն մարդկանց հասցեին, ովքեր ասում են, թե Հայաստանից մեծածավալ արտագաղթ կա։ Ըստ Սերժ Սարգսյանի, տարվա ընթացքում Հայաստանից անվերադարձ հեռանում է ընդամենը 20 հազար մարդ, եւ դա այնքան էլ մտահոգիչ չէ։ Բառացիորեն երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց անցած տարվա՝ 2012 թվականի ՀՀ սոցիալ տնտեսական իրավիճակը պատկերող ցուցանիշները։ Եւ այդ ցուցանիշներից պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը 2.5 անգամ մեղմացնում է արտագաղթի թվերը։ Նույնիսկ պաշտոնական ցուցանիշներով, 2012 թվականին Հայաստանից անվերադարձ հեռացել է 49 հազար 660 ՀՀ քաղաքացի։ Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ժամկետի միայն վերջին տարվա ընթացքում, Հայաստանից արտագաղթել է մոտ 50 հազար հայաստանցի։

Իսկ հետաքրքիր է՝ որքա՞ն մարդ է Հայաստանից հեռացել նրա պաշտոնավարման 5 տարիներին։ Ըստ նույն պաշտոնական վիճակագրության, 2011-ին Հայաստանից հեռացել է 49 հազար 126 քաղաքացի, 2010-ին՝ 57 հազար 240…: Պաշտոնական վիճակագրության համաձայն, 2008-2012 թվականների ընթացքում Հայաստանից արտագաղթել է 204 հազար ՀՀ քաղաքացի։ Բայց պետք է նկատել, որ այս թիվը չի արտացոլում իրական պատկերը, եւ դա արձանագրել է նույնիսկ ազգային վիճակագրական ծառայությունը։ Այսպես, 2010 թվականին ԱՎԾ-ի հրապարակած արտագաղթի թիվը կազմում էր 30 հազար մարդ։ Մեկ տարի անց, սակայն ԱՎԾ-ն սկսեց հրապարակել արտագաղթի՝ արդեն նոր մեթոդոլոգիայով հաշվարկված ցուցանիշը եւ ստացվեց ավելի քան 57 հազար։ Նոր մեթոդոլոգիայով հաշվարկելու դեպքում կստացվի, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիներին Հայաստանը լքել է ավելի քան 260 հազար ՀՀ քաղաքացի։ Արտագաղթի իրական թվերը, իհարկե, զգալիորեն ավելի մեծ են։ Բայց նույնիսկ, պաշտոնապես հայտարարվող արտագաղթի թիվը՝ 260 հազարը, սարսափելի մեծ թիվ է։ Որպեսզի ավելի ընկալելի լինի, թե ինչ է նշանակում Հայաստանի համար 260 հազար արտագաղթած քաղաքացիներ, բերենք հետեւյալ համեմատությունը. Տավուշի եւ Սյունիքի մարզերի բնակչության թվերը միասին վերցրած՝ կազմում է հենց այդքան։ 260 հազարը դա 5 անգամ ավելին է, քան ամբողջ Վայոց ձորի բնակչության թիվը։ Երեւանի Աջափնյակ, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն եւ Ավան համայնքներում միասին վերցրած՝ ապրում է հենց այնքան մարդ, որքան Հայաստանից արտագաղթել է վերջին 5 տարիների ընթացքում։

Հայաստանից արտագաղթել են (ըստ պաշտոնական վիճակագրության)

2008 թվականին՝ 23.1 հազար

2009 թվականին՝ 25 հազար

2010 թվականին՝ 572 հազար

2011 թվականին՝ 49.1 հազար

2012 թվականին՝ 49.6 հազար

Նշենք, որ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն 2012 թվականին 2011 թվականի համեմատ Հայաստանում նվազել է ծնված երեխաների թիվը, ավելացել է մահացությունը, աճել է ինքնասպանությունների թիվը, նվազել է ամուսնությունների թիվը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728