Ինչպես արդեն Aravot.am-ը տեղեկացրել է, Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Հունվարի 31-ին, 23.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տպագրիչների փողոցի թիվ 9 շենքի մուտքում կրակել են ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա»: Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Պարույր Հայրիկյանը մինչև կեսօր վիրահատության կենթարկվի:
Ու՞մ կարող էր ձեռնտու լինել և ինչի՞ արդյունք կարող էր լինել ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը: Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետները նշեցին, որ կատարվածը, ոչ միայն ներքին, այլև արտաքին ուժերի կողմից թելադրված կարելի է համարել:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մանրամասնեց. «Ես ձեռնպահ կմնամ ենթադրություններ անելու, քանի կասկածյալների սպեկտորը կարող է շատ մեծ լինել՝ սկսած զուտ անձնական կենցաղային մակարդակի վեճերից, մինչև արտաքին միջամտություն: Նախագահի թեկնածուն հատուկ կարգավիճակ է և որոշակի գործընթացներ կասեցնելու կամ դանդաղեցնելու համար այդ քայլին կարող էր դիմել ցանկացած մեկը: Ակնհայտ է այն, որ հանցագործությունը անկախ դրդապատճառներից ուղղված էր ոչ միայն Հայրիկյանի, այլև ամբողջ հայկական հասարակության, պետականության դեմ: Քաղաքական կոնտեքստը ակնհայտ է: Կարծում եմ, որ սա այն մարդկանց ձեռքի գործն էր, ովքեր ցնցումների միջոցով շահագրգռված էին երկիրը հասցնել իրավիճակային փոփոխությունների»:
«Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էլ նկատեց. «Սա լրջագույն հարված է, կամ փորձ՝ հարված հասցնելու ամբողջ հայկական պետականությանը: Սա կրակոց էր՝ հայկական պետականության ուղղությամբ: Այստեղ հարցը Պարույր Հայրիկյանը չէ: Ցավոք, դա տեղի ունեցավ հանձինս Հայրիկյանի: Այս կրակոցի հասցեատերը ոչ թե Պարույր Հայրիկյանն էր, այլ Հայաստանի Հանրապետությունը, հայոց պետականությոսւնը: Դա ձեռնտու էր բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ այն ճամփաբաժանին, որ ներկայումս Հայաստանը գտնում է, որով պիտի ընթանա իր շահերից ելնելով, կասեցնել այս անխուսափելի ընթացքը: Կարող ենք ասել, որ այդ մութ ուժերի ծրագրերը այս անգամ չստացվեցին: Հուսանք, որ մեր պետության իրավապահ մարմինները կգտնվեն իրենց բարձրության վրա, կբացահայտեն այս նենգ չարագործությունը: Վարույթը, որ գտնվում է ԱԱԾ-ում, հույս է տալիս կարծելու, որ կա այն ընկալումը, որ կատարվածը լուրջ քաղաքական դրդապատճառներ ունի: Սա կենցաղային խուլիգանական արարք չէր, շարքային կրիմինալ չէր, այլ մի բան, որ ուղղված էր մեր ազգային անվտանգությանը: Այո, գիտենք բազմաթիվ դրսի ուժեր, որոնց ձեռնտու է ՀՀ-ին շեղել՝ իր շահերից բխող ընթացքից, որը հենված է հենց մեր պետականության վրա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ